Հայաստանի հեղափոխական առաջարկը Վրաստանին. ճեղքումը մոտ է


Հայաստանի հեղափոխական առաջարկը Վրաստանին. ճեղքումը մոտ է

  • 26-07-2019 11:58:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Տեսանք, թե ինչքան լայն է հայ-վրացական քննարկումների օրակարգն ու այն հարցերը, որոնք միավորում են մեզ, Թբիլիսի այցի ընթացքում իր պաշտոնակցի հետ զրույցից հետո հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նաարար Զոհրաբ Մնացականյանը: Վրաստանում նա հանդիպել է նաեւ այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Ըստ հաղորդագրության, քննարկվել է երկու երկրների հարաբերության ներուժը օգտագործելու հարցը, այդ թվում ռեգիոնալ նախաձեռնությունները խթանելու միջոցով:
 
Հայաստանի արտգործնախարարի Վրաստան այցը տեղի է ունենում հարեւան երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում: Դրանում շոշափելի դեր ունի նաեւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որը գործնականում նոր իրողությունների առաջ է դնում ռեգիոնը լայն իմաստով:
 
Այդտեղ են նաեւ Վրաստանի համար ներկայում նկատելի սրված մարտահրավերների պատճառները, մասնավորապես Ադրբեջանի կոշտ քայլերը Դավիթ Գարեջիի վանական համալիրի առիթով, որտեղ Բաքուն ակնհայտորեն բարձրացնում է տարածքային էքսպանսիայի հարցեր: Զուգահեռ Վրաստանը ենթարկվեց մանրամասն եւ նուրբ կազմակերպված սադրանքի Ուղղափառության խորհրդարանական Վեհաժողովի նիստի անցկացման առիթով, հայտնվելով Ռուսաստանի հետ լարվածության մեջ: Այն դեպքում, երբ Վրաստաննն օրինակ Մոսկվայի հետ բանակցում էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի այլընտրանքային ճանապարհների բացման պայմանագրի շուրջ, եւ այստեղ կային որոշակի համաձայնության միտումներ: Իսկ այդ հանգամանքը եւս էական վերափոխիչ նշանակություն էր ունենալու ռեգիոնի համար թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական ասպեկտներով, ակնհայտորեն թուլացնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերը:
 
Ըստ այդմ, մի կողմից հռետորական, մյուս կողմից պարզ հարցադրում է, թե ու՞մ կարող էր ձեռնտու լինել ռուս-վրացական բախումը:
 
Վրաստանը գործնականում կանգնած է իր ռեգիոնալ դերակատարման հետ առերեսման վիճակում: Այդ դերակատարումը կամ թուրք-ադրբեջանական կցորդի, կամ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությամբ ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի կարեւոր օղակի կարգավիճակն է:
 
Առերեւույթ տնտեսապես գրավիչ թվացող թուրք-ադրբեջանական հանգամանքը Վրաստանի համար գործականում վրացական պետականության վախճանն է տնտեսական բարեկեցության թվացյալ օրորոցում: Թբիլիսին անշուշտ լավ է պատկերացնում դա: Անհնար է չպատկերացնել առնվազն այն ամենից հետո, ինչ տեղի է ունենում Վրաստանի շուրջ վերջին շաբաթներին:
 
Զոհրաբ Մնացականյանի այցի շրջանակում հայ-վրացական քննարկումները կարեւոր են հենց այդ համատեքստում եւ Հայաստանի նախարարի ձեւակերպումը, որ «տեսանք, թե ինչքան շատ են միավորող հանգամանքները եւ հարցերը», հուշում է, որ հայ-վրացական սեղանին դրվել են նոր իրողություններ եւ հանգամանքներ, որ չեն եղել նախկինում: Եվ թերեւս մեծ է հավանականությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մեկնել է հենց այդ փաստարկների, առաջարկների եւ հեռանկարների պաշարով:
 
Անկասկած է, որ դրանց վրաբերյալ խոսակցությունը եւ դրանց այսպես ասած բյուրեղացումն ու հայ-վրացական ինստիտուցիոնալացումը պահանջելու է ժամանակ եւ աշխատանք, քանի որ կան բազմաթիվ ձեւավորված իրողություններ, որոնցից պետք է դուրս գալ: Սակայն կարեւոր է, որ Երեւանն ու Թբիլիսին սկսեն, ու առնվազն կա այդպիսի տպավորություն, որ գործընթացը սկսել է, եւ հայ-վրացական քաղաքականությունը կանգնած է առարկայացման նոր մակարդակի շեմին:
 
Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է վարչապետ Բախտաձեի հետ Մնացականյանի հանդիպմանը շոշափված ռեգիոնալ նախաձեռնությունների հարցը: Հարցը հետաքրքիր է ոչ միայն Հայաստան-Վրաստան-Իրան եռակողմ հեռանկարի առումով, որովհետեւ ռեգիոն շրջանակը պետք է թերեւս դիտարկել ավելի լայն, եւ Հայաստանը խոշոր հաշվով տվել է նաեւ դրա հնարավորությունը՝ նախաձեռնելով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ֆորմատը, որի առաջին Վեհաժողովը նախատեսված է Հայաստանում 2020 վականի հունվարին: Կարո՞ղ է դրան հյուր լինել Վրաստանից:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play