ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարաներին հորդորել է էլ<br /> ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում<br />


ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարաներին հորդորել է էլ
ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում

  • 09-09-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ-սիրիական գործարար խորհրդի պատվիրակությանը սեպտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը գլխավորում էր խորհրդի սիրիական կողմի համանախագահ, Հալեպի առեւտրային պալատի խորհրդի անդամ Լեւոն Զաքի Ետալյանը, կազմում էին խորհրդի փոխնախագահ Շահե Յաղուբյանը եւ խորհրդի անդամ Սուրեն Վարդանյանը: ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ սիրիահայ համայնքը ամենակազմակերվածներից է: Նրա գնահատմամբ, հայ-սիրիական հարաբերությունների զարգացման նոր ուղի արձանագրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2009թ. հունիսի այցը Հայաստան: Հ.Հակոբյանը հիշեցրել է նշված այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի կատարած այն նկատառումը, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն զարգացման մեծ հնարավորություններ` հատկապես գործարարության ոլորտում, ինչպես նաեւ կարեւորել սիրիական եւ հայկական ապրանքների ցուցահանդեսների փոխանակման ծրագրի շարունակականության ապահովումը: ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարաներին հորդորել է էլ ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում, ինչին կնպաստի նախարարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կատարվելիք աշխատանքը: Նախատեսվում է, որ 2009թ. նոյեմբերի վերջին Երեւանում կանցկացվի Հայաստանում ներդրումներ կատարող սփյուռքահայ գործարարների հավաք: Հ.Հակոբյանն անդրադարձել է նաեւ համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարության գործընկերների դաշտի եւ համայնքների կարիքների հստակեցման խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի նախարարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացնելով հայ-սիրիական գործարար խորհրդի նպատակները, Լ.Զ. Ետալյանը տեղեկացրել է, որ դրանք վերաբերում են երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների զարգացմանը, ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների մեծացմանը: Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը Սփյուռքի գործարար ներուժի նկատմամբ: Հանդիպման ընթացքում նախարար Հ.Հակոբյանը եւ սիրիահայ գործարարներն անդրադարձել են նաեւ Հայաստանի գործարար միջավայրի կատարելագործման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է Հայաստանում սփյուռքահայերի կացության եւ գործարարության վարման օրենսդրական խնդիրներին նվիրված ձեռնարկի նախագիծը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն