Կայացել է «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը


Կայացել է «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը

  • 31-07-2019 18:54:25   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայրենիքից  հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրության բացումը և համանուն պատկերագրքի շնորհանդեսը:
 
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ներկայացնում է ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծը՝ ժամանակավոր ցուցադրություն ու պատկերագիրք՝ նվիրված Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ռազմիկների կյանքին ու ճակատագրին։ Ներկայացվելու է ռուսական բանակի կազմում կռվող արևելահայ զինվորների փորձառությունը հայրենիքից հեռու՝ ռազմաճակատում, ավստրոհունգարական գերության մեջ նրանց առօրյա կյանքը, փախուստը կամ ազատությունը, վերադարձը հայրենիք և հետագա կյանքը։ Նրանցից շատերը, սակայն, այդպես էլ չվերադարձան։
 
Ցուցադրությունն ընդգրկում է նաև Օսմանյան բանակում կռվող արևմտահայ զինվորների ճակատագիրը՝ Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության պատմության համատեքստում:
 
«Ռազմագերիների հետքերով Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գյուղեր այցելելով՝ տեղի տարեցների (այդ թվում՝ ռազմագերիների բարեկամների) օգնությամբ գրի ենք առել յուրաքանչյուր ռազմագերու հետագա ճակատագիրն ու նրանց ժառանգների պատմությունները։ Դրանք պատմում են պատերազմի պատճառով հայրենիքից ստիպված հեռանալու, ռուսական բանակի կազմում կռվելու, թշնամու ձեռքն ընկնելու, փախուստի կամ ազատ արձակվելու շնորհիվ հայրենիք վերադառնալու, ինչպես նաև հայրենիքում հետագա ճակատագրի մասին։ Դժվարին ժամանակներում գրված պատմությունները նույնքան տարբեր են, որքան իրենք՝ ռազմագերիները։ Հայրենիքից հեռու՝ պատերազմում և գերության մեջ, նրանք հաճախ են առերեսվել անասելի տառապանքների՝ ցավ, կարոտախտ, կսկիծ, միևնույն ժամանակ վայելելով մարդասիրության ու հարգանքի պահեր՝ հաճախ նոր հմտություններ յուրացնելով»,- նշում է Յասմին Դում-Թրագուտը։
 
Ցուցադրությունը հագեցած է լինելու եզակի արխիվային լուսանկարներով, տեսաֆիլմերով, ցուցանմուշներով, որոնց միջոցով և ուղեկցվող բացատրական տեքստերով փորձ է արվելու վեր հանել զինվորների ոչ սովորական կյանքի ուղին: Ցուցադրության կարևոր մաս են կազմելու 100 տարվա վաղեմություն ունեցող հայ ռազմագերիների երգն ու արտասանությունը: Հատկապես հուզիչ է ռազմագերիներից Արշակ Մանուկյանի ձայնագրության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը. հայ՝ ծնվել է Լծենում, ապրել Եկատերինոսլավում, 30 տարեկան, մասնագիտությամբ՝ հրուշակագործ: Երգում է «Կռունկ Հայաստանի» երգը՝ կոչելով այն «դժբախտ գերու թռչուն», 15 օգոստոսի, 1915 թ.: 
 
Լինել ռազմագերի, ապրել, հաղթահարել անհաղթահարելին՝ բռնություն, սով, հիվանդություններ, սթրես, մահ կամ վերադարձ հայրենիք, փորձել ինտեգրվել հասարակության մեջ, որի վերաբերմունքը միանշանակ չէր. ռազմագերիներից շատերին դեռ վիճակված էր լինելու կրել դավաճանի պիտակը: 
Ցուցադրությունը յուրահատուկ հարթակ է՝ տեսնելու ցանկացած պատերազմի ծանրագույն հետևանքներից մեկը: Առաջին աշխարհամարտի ընթացքում միայն Ավստրո-Հունգարիայում կառուցվել են ռազմագերիների 50 ճամբարներ՝ շուրջ 1 միլիոն զինվորի և 10 հազար սպայի համար: Ճամբարների կեսից ավելին տեղակայված էին ներկայիս Ավստրիայի տարածքում:
 
«Սա իր բնույթով եզակի հետազոտություն է, հետևաբար ցուցադրությունը՝ նույնպես: Արվում են հարցադրումներ, որոնք ավելի քան հար¬յուր տարվա հեռավորությունից միմյանց են կապում Առաջին աշխար¬հա¬մարտի թոհուբոհում ոչ իրենց կամքով հայրենիքից հեռու հայտն¬ված հայ մարդ¬կանց անցյալն ու ներկան։
 
Հայ ռազմագերիների կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրների ճամ¬բար¬ներում գրեթե ուսումնասիրված չէ։
Լինելով հայրենիքից հեռու՝ նրանք ապրել են հայ¬րենիքի կարոտով։ Տարբեր են եղել նրանց ճակատագրերը. մեծ մասը կա¬րո¬ղացել է վերադառնալ հայրենիք՝ ընտանիքի գիրկը, կամ նոր ընտանիք ձևավորել, մի մասը՝ զոհ դարձել ստալինյան բռնու¬թյուն¬նե¬րին, իսկ մյուս մասն էլ խաղաղ ապրել՝ թաքցնելով գլխով անցածը։ Յասմին հետազոտողն ու Յասմին մարդը կարողացել է վեր հանել նախկին ռազմագերիների հետագա կյանքի բազմաթիվ նրբու¬թյուն¬նե¬րը։ Յասմինն իր հայ գործընկերների անշահախնդիր օժանդակությամբ կա¬րողացել է գտնել նրանցից շատերի ժառանգներին, զրուցել նրանց հետ, ու¬րա¬խացել, հուզվել ու տխրել նրանց հետ՝ նորու¬թյուն¬ներ հաղորդելով ու ստանալով»,-նշում է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։
 
Սույն ցուցադրության մեջ և համանուն պատկերագրքում օգտագործված նյութերի զգալի մասը ձեռք է բերվել Ավստրիայի, Հայաստանի և Ռուսաստանի արխիվներից։ Հետազոտական թիմին հիմնականում հաջողվել է Հայաստանի գյուղերում գտնել նախկին ռազմագերիների բարեկամների հետքերը, նրանց անմիջական ժառանգներին: Վերջիններիս հիշողությունները, նրանց տրամադրած ընտանեկան լուսանկարները, տարբեր արխիվային փաստաթղթերը թույլ են տվել ամբողջացնել ու շարադրել հայ ռազմագերիների կյանքի պատմությունները՝ որոշ բացառություններով: Ռազմագերիների ժառանգներից շատերը գիտեին իրենց  բարեկամների՝ գերության մեջ եղած լինելու մասին, սակայն ոմանց համար դա նորություն էր: 
 
Ցուցադրության մասին նորություններին ու բազմաբնույթ հրապարակումներին կարող եք հետևել հետևյալ հեշթեգով՝ #ArmenianPOWAustroHungariaWWI: 
 Ցուցադրության բացմանը ներկա կլինեն ռազմագերիների ժառանգները, հյուրեր` ինչպես Հայաստանից, այնպես էլ Ավստրիայից` պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ և այլ հրավիրյալներ: 
 
Ցուցադրության հեղինակ՝ Յասմին Դում-Թրագուտ
Ցուցադրության կազմակերպման պատասխանատու՝ Սեդա Պարսամյան 
Ցուցադրության գեղարվեստական ձևավորող՝ Քրիստինե Վարդանյան
Հանրայնացման և մամուլի պատասխանատու՝ Արևիկ Ավետիսյան 
 
 
 
 
 
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին
+374 10390981 - 111
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play