Ինչ Ռուսաստան է տեսնում Հայաստանը նոր փաստաթղթում. բարդ իրավիճակ


Ինչ Ռուսաստան է տեսնում Հայաստանը նոր փաստաթղթում. բարդ իրավիճակ

  • 10-08-2019 10:40:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Օգոստոսի 12-ին Հայաստան է ժամանում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Հայաստան տեղի է ունենում հատկանշական իրողությունների ֆոնին, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում:
 
Ռուսաստանը կանգնած է իշխանության խնդրի առաջ, ընդ որում այն, որ խնդիրը աշխուժորեն դիտարկվում է հերթական ընտրական ցիկլից չորս տարի առաջ, արդեն իսկ վկայում է, թե որքան սուր է այն դրված ռուսական ներիշխանական համակարգում եւ որքան զգայուն է դրա հանդեպ ռուսական հանրային օրգանիզմը:
 
Այդ առումով նշանային իրողությունները հաջորդում են իրար, ընդ որում մի կողմից ավելի ու ավելի հաճախ, եւ մյուս կողմից` ավելի ու ավելի հնչեղ, ինչպես օրինակ Մոսկվայի քաղաքային իշխանության ընտրական ցիկլում հանրային ընդվզումը ընդդիմադիր թեկնածուների գրանցումը ցինիկ կերպով մերժելու դեմ:
 
Դրան զուգահեռ, Ռուսաստանը բավականին բարդ ու բազմաշերտ խնդիրներ ունի աշխարհաքաղաքական դերակատարման շրջանակում: Գործնականում, ռուսական պետականությունը կանգնած է ներքին ու արտաքին ճնշման միջակայքում, միեւնույն ժամանակ իրավիճակի անհեռանկարության հստակ գիտակցումով: Եվ այն, որ հերթական ընտրական ցիկլից եւ Պուտինի պաշտոնավարման ժամկետի ավարտից չորս տարի առաջ են խթանվում ամենատարբեր քննարկումները, վկայում են, որ իշխանությունը ելք է փնտրում, եւ կա հստակ պատկերացում, որ այդ ելքը չի կարող լինել ավանդական տրամաբանության մեջ:
 
Այդ ֆոնին հեղափոխական փոփոխություն է տեղի ունենում ՌԴ «ավանդական» ազդեցության գոտի դիտվող Հայաստանում, ընդ որում Կրեմլի ակնառու լոյալության եւ զսպվածության պայմաններում: Այդ հանգամանքը որոշակի խուճապ է առաջ բերել ռուսական ներհամակարգային մի շարք շրջանակներում, որոնք իրենց դիրքերը պահում էին նաեւ հայկական շահերի հաշվին, թեեւ այդպիսով նաեւ Կովկասում փորելով ռուսական «գերեզմանը»:
 
Ըստ ամենայնի, նաեւ դա են հասկացել Մոսկվայի որոշ շրջանակներում, 2016-ի ապրիլին հասնելով ընդհուպ այդ սեփական փոսի շեմին: Եվ թերեւս դրանով է պայմանավորված իր փոսից դուրս գալու Հայաստանի հեղափոխական ջանքի եւ հետհեղափոխական գործընթացի հանդեպ Մոսկվայի լոյալ վերաբերմունքը, որն էլ տագնապ է առաջացրել որոշակի տնտեսա-քաղաքական շրջանակներում:
 
Հատկապես, որ «ավանդական ռուսական» տիրույթ համարված Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել ամերիկա-ռուսական կետային շփումների ֆոնին: Ընդ որում, այդ շփումները մասնավորապես տեղի են ունենում նաեւ Պատրուշեւի մակարդակով, Վաշինգտոն չհայտարարված այցերի միջոցով:
 
Վերջին հաշվով, նույն 2016-ի ապրիլը Կրեմլին ցույց տվեց, որ Մոսկվան ունի Կովկասում դերակատար մնալու գործնականում մի տարբերակ՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության տարբերակը, ինչի պրովայդերի դերն էլ ունակ է կատարել միայն Հայաստանը:
 
Այդ համատեքստում, Հայաստանը ձեռնամուխ է լինում ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը: Շատ կարեւոր է, թե ի՞նչ Ռուսաստան է արձանագրվելու Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play