Ռուսաստանին մնում է պայմանավորվել Հայաստանի հետ


Ռուսաստանին մնում է պայմանավորվել Հայաստանի հետ

  • 12-08-2019 16:12:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն երկօրյա այցով կլինի Երեւանում: Նա Երեւանում անվտանգության հարցերով խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի եւ Հայաստանի Անվտանգության խորհուրդների ու մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Ռուսական պատվիրակությունը Հայաստան է այցելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ուֆայում այս տարվա հունիսին Պատրուշեւի եւ Գրիգորյանի նախորդ հանդիպմանը:
 
Պատրուշեւն առանցքային ֆիգուր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության համակարգում: Նա համոզված «դերժավնիկ» է եւ, ինչպես ասում են, պաշտպանում է ոչ թե օլիգարխական խմբավորումների, այլ տերության շահերը:
 
Այս լույսի ներքո կարելի է նկատել, թե ինչպես են Ռուսաստանում որոշ շրջանակներ փորձում Պատրուշեւի այցը Հայաստան ներկայացնել որպես Մոսկվայի «ցասումնալից» արձագանք օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ռուսական լրատվամիջոցներում տագնապով գրում են, որ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը խոսել է ոչ միայն «միացման», Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու, այլ ըստ էության՝ հեղափոխությունն այնտեղ «արտահանելու» մասին: Հայաստանի ու Արցախի հնարավոր վերամիավորմամբ անհանգստացած շրջանակները կարծում են, որ սա հարված է բանակցային գործընթացին եւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ:
 
Այդ շրջանակները կարծում են, որ Պատրուշաեւի այցի նպատակը կարող է լինել Հայաստանը ոչ այնքան հեղափոխությունից, որքան «ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վերակառուցումից» հետ պահելը:
 
Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Նախեւառաջ, այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ հունիսին, Փաշինյանի Ստեփանակերտ այցից առաջ: Եթե Պատրուշեւն իսկապես պաշտպանում է ոչ թե պետական կորպորացիաների, այլ Ռուսաստանի շահերը, ապա հաստատ ավելի լայն չափանիշներով է դատում: Ռուսաստանի անվտանգության համակարգում ոչ վերջին դերն ունեցող մարդուն պետք է պարզ լինի, որ Հայաստանն ու Արցախը միասնական ռազմավարական միավոր է, որի բեկվածքը կարող է տեկտոնական շարժեր առաջացնել ոչ միայն Կովկասում:
 
Ռուսական տերության շահերը պահանջում են այդ միավորի հանդեպ հոգատարություն, ի տարբերություն այն շրջանակների, որոնք կոռուպցիոն շահերով կապված են նավթագազային կորպորացիաներին, թուրք-ադրբեջանական լոբբինգին ու այլ «ոչ բարեկամական» շրջանակներին:
 
Պատրուշեւը Երեւանում կմնա երկու օր, եւ նրա հայտարարություններից հնարավոր կլինի դատել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ռուս մեծապետականների վերաբերմունքի մասին: Իսկ այդ գործընթացներն առավել քան արմատական են: Պաշտոնական Երեւանը փորձում է նոր աշխարհքաղաքական ու տարածաշրջանային համակարգերի ստեղծման հարթակ դառնալ, որի վկայությունն է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավերը՝ մասնակցելու Երեւանում ԵԱՏՄ վեհաժողովին, որը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 1-ին: Ռոհանիին հրավերը ոչ միայն «միջնորդություն» է ԵԱՏՄ եւ Իրանի (ու Սինգապուրի) միջեւ, այլ նաեւ միջազգային այլ խաղացողներին պայմանների առաջադրում:
 
Այսպես թե այնպես, տարածաշրջանում ռազմաքաղաքական համակարգը փոխվում է, եւ Ռուսաստանը տարբերակներ է որոնում իրավիճակը ձեռքից բաց չթողնելու համար: Իսկ տարբերակներն այնքան էլ շատ չեն՝ պայմանավորվել Հայաստանի հետ ու աջակցել նրա նախաձեռնություններին:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play