Էրդողանը Պուտինից հետո զանգահարել է Թրամփին. ինչ են հիշել Հայաստանում


Էրդողանը Պուտինից հետո զանգահարել է Թրամփին. ինչ են հիշել Հայաստանում

  • 29-08-2019 12:54:58   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստան այցից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում խոսել են թե երկկողմ հարաբերության, թե Սիրիայի հյուսիս-արեւմուտքի, Իդլիբի շուրջ իրավիճակի, այնտեղ հումանիտար ճգնաժամ թույլ չտալու մասին:
 
Ռուսաստանում Էրդողանը Սիրիայի հարցը քննարկել է նաեւ Պուտինի հետ: Քննարկվել է նաեւ Ռուսաստանից Սու 35 եւ Սու 57 կործանիչներ ձեռք բերելու հարցը, որոնք Թուրքիայիn հետաքրքրում են ամերիկյան Ֆ 35-երից զրկվելու պատճառով: ԱՄՆ իբրեւ պատժամիջոց հրաժարվել է Թուրքիային տրամադրել իր նորագույն կործանիչները, այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական C 400 ՀՕՊ համակարգ:
 
Թուրքիան կամ հետաքրքրվում է ռուսական կործանիչներով, կամ ձեւացնում, ակնկալելով, որ լավ գնորդ չկորցնելու համար Մոսկվան կարող է զիջման գնալ Սիրիայի հարցում: Սակայն, Ռուսաստանից հետո Թրամփի հետ հեռախոսազրույցը կարող է հուշել, որ Պուտինը Սիրիայի հարցում չի տվել Էրդողանի ականջին հաճո պատասխան:
 
Կա տեղեկություն Իդլիբի ուղղությամբ սիրիական բանակի գործողությունների, որոշակի հաջողության, առաջխաղացման մասին: Թուրքիայի նախագահը Ռուսաստանից վերադարձի ճանապարհին հայտարարել է, որ իր բանակը պատրաստ է սահմանին եւ ոչինչ չի խանգարում գործողություն իրականացնելուն:
 
Իսկ հնարավո՞ր է, որ Մոսկվայից հետո Թրամփի հետ կապվելով, Էրդողանը փորձել է լուծել վերջին խոչընդոտի՝ ԱՄՆ հավանության հարցy, Ռուսաստանի հարցը լուծելուց հետո: Իրավիճակն իսկապես հակասական է եւ բազմաշերտ, ինչպիսին սիրիական խնդրում եղել է միշտ: Առավել եւս, որ Անկարայի համար այնտեղ կա մեկ այլ լուրջ խնդիր՝ Իրանը:
 
Էրդողանը կարծես թե գտել է Պուտինի եւ Թրամփի միջեւ խաղալու բավական հարմարավետ տարածություն, բայց միաժամանակ լավ պատկերացնում է, որ նույնը հնարավոր չէ անել Իրանի պարագայում: Իսկ Իրանը վերջին շրջանում դարձել է թերեւս Սիրիայի նախագահ Ասադի հիմնական հենարանը, որը հնարավորություն է տալիս նաեւ որոշակի պարտավորությունների շրջանակում պահել ՌԴ նախագահ Պուտինին:
 
Իրանի հանգամանքը թե Թուրքիայի, թե Ռուսաստանի եւ թե Իսրայելի համար բարձրացնում է ԱՄՆ կորդինացնող դերը, որը գործնականում միակն է, որ կարող է ունենալ Իրանին զսպող դեր: Ակնառու է, որ Վաշինգտոնն այդ դերն իրականացնում է, միաժամանակ նաեւ իր այդ «առաքելությունը» ծառայեցնելով Իսրայել, Թուրքիա, Ռուսաստան եռյակին կառավարելու համար:
 
Այդ ֆոնին հատկանշական է հայկական մամուլում հայտնված տեղեկությունը, որտեղ շոշափվում է կարծես թե անցած մի խնդիր՝ Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության հանդեպ ԱՄՆ դժգոհության խնդիրը:
 
Հայկական առաքելությունն իրականում դժգոհության պատճառ է պարունակում Թուրքիայի եւ Իսրայելի, ու համապատասխան լոբբինգի ներքո Ռուսաստանի վերնախավում տնտեսա-քաղաքական գործունեություն իրականացնող շրջանակների համար:
 
Հայկական ներկայությունը Մերձավորարեւելյան քաղաքական-քաղաքակրթական համակարգի «բազային ֆայլ» է, որն իրականում կարող է լինել ռեգիոնում ամերիկա-իրանյան շահերի համադրման եւ անուղղակի երկխոսության գրեթե անփոխարինելի գործոն:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play