Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդի երևանյան համերգին սպասվում է ինքնատիպ լուսային և տեսաշոու


Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդի երևանյան համերգին սպասվում է ինքնատիպ լուսային և տեսաշոու

  • 03-09-2019 13:27:09   | Հայաստան  |  Մշակույթ

Համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդը համերգով հանդես կգա Հայաստանում: Մեծամասշտաբ իրադարձությունը կկայանա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00 «Հրազդան» մարզադաշտում: Խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։
 
Պառով Ստելար բենդի երևանյան համերգին կհնչեն խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ: Երևանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Սպասվում է ինքնատիպ լուսային և տեսաշոու: Համերգի տեխնիկան սպասարկող ամբողջ անձնակազմը Հայաստան է ժամանելու եվրոպական երկրներից:
 
Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը: Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են:
 
Պառով Ստելարը միջազգային էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ցնցում առաջացրեց հենց առաջին Kiss kiss մինի ալբոմի և 2004 թվականին Rough Cuts ալբոմի թողարկումից հետո: Եզակի ձայնը, երաժշտության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը և երաժշտական ժանրերի ինքնատիպ համադրությունը շուտով նրան դարձրեցին բեմի ծագող աստղ: Պառով Ստելարը մեծ պահանջարկ ունի համագործակցությունների և ռեմիքսների իրականացման ոլորտում: Նա աշխատել է Թոնի Բենեթի և Լեդի Գագայի, Լանա Դել Ռեյի, Լուկաս Գրեհեմի և բազում այլ արտիստների հետ:  
 
8 Amadeus Austrian Music Awards հաղթող է (դրանցից 5-ը՝ լավագույն էլեկտրոնային/պարային, 2-ը՝ լավագույն կենդանի կատարում և 1-ը՝ լավագույն ալբոմ անվանակարգերում):
 
Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով, դրանցից են, օրինակ, Նյու Յորքի PlayStation Theater-ում, Լոնդոնի Alexandra Palace-ում, Փարիզի Zenith-ում և եվրոպական այլ սրահներում կայացած համերգները:
 
Հավելենք, որ Պառով Ստելար բենդի համերգը կայանում է Silk Note Festival-ի շրջանակում, իսկ վերջինս ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին առաջարկելու է բացառիկ համերգներ, որոնց հեդլայներները կլինեն աշխարհահռչակ արտիստներ:  Այս փառատոնը հնարավորություն կտա աշխարհահռչակ երաժիշտների շնորհիվ Հայաստանը պահել միջազգային հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում, խթանել երաժշտական ոլորտի զարգացումը, հարստացնել մշակութային կյանքը:
 
Silk Note Festival-ի բացառիկությունն այն է, որ այն ներկայացնելու է տարբեր ոճերի երաժշտություն: Այսինքն՝ յուրաքանչյուր ունկնդիր կգտնի իր ճաշակին համապատասխան համերգ:
 
Ի դեպ, համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը: Ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play