Ծառուկյանը պատրաստ է հրաժարվել ոսկուց. Խաղը բացվել է


Ծառուկյանը պատրաստ է հրաժարվել ոսկուց. Խաղը բացվել է

  • 09-09-2019 16:52:02   | Հայաստան  |  Վերլուծություն

Եթե ժողովուրդը չի ուզում՝ հանքը չպետք է աշխատի, սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է նաեւ, թե պատրաստ է ժողովրդի պահանջով թողնել նաեւ իրեն պատկանող Մղարթի ոսկու հանքը: Միաժամանակ Ծառուկյանն ասել է, որ իր հանքը վտանգավոր չէ:
 
Հետաքրքիր է, արդյոք Գագիկ Ծառուկյանը ժողովրդի համաձայնությամբ է դարձել ոսկու եւ ցեմենտի հանքերի սեփականատեր: Սակայն, էականն իհարկե դա չէ: Ծառուկյանը կուսակցություն ունի, եւ այդ կուսակցությունը փորձում է օգտագործել պահը եւ քաղաքական միավոր հավաքել Ամուլսարի առիթով:
 
Հետաքրքիր է նաեւ, որ ԲՀԿ նախագահն իր կուսակցությամբ այդքան աշխույժ չէր, երբ նախորդ իշխանությունն էր կայացրել Ամուլսարի հանքի շահագործման որոշում: Բայց դա էլ էական չէ:
 
Գագիկ Ծառուկյանի խնդիրն անշուշտ Ամուլսարը չէ, այլ սեփական տեղն ու դերը քաղաքականության մեջ: Եվ ոսկու հանքից էլ հրաժարվել պետք չէ, պետք է հրաժարվել քաղաքականությունից:
 
Հեղափոխությունից հետո Ծառուկյանն այնտեղ չի գտնում տեղ, եւ այդ տեղը հնարավոր չէ ձեռք բերել անգամ ոսկու հանքի գնով: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում այլեւս քաղաքականությունը սերտաճած չէ բիզնեսի հետ, կամ ապամոնտաժված է այն քրեաօլիգարխիկ համակարգը, որի պայմաններում է Գագիկ Ծառուկյանին տեղ հատկացվել քաղաքականության մեջ:
 
Բանն այն է, որ Ծառուկյանը կատարել է իր դերը, եւ դրա վերջին իմաստավորված դրվագը հեղափոխությանը «ջուր տանելն» էր: Դրանից հետո նա Հայաստանում չունի քաղաքական դեր, որովհետեւ քաղաքական գործընթացը այլեւս իշխող համակարգի երկու խմբավորման՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առավելապես հետնաբեմային սուր դիմակայությունը չէ, ինչպես 2006 թվականից մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարական:
 
Այդտեղ Ծառուկյանը դեր ուներ, նա ծածկում էր թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին, թե նրանց դիմակայությամբ Հայաստանն ամբողջապես կառավարող Ռուսաստանի տնտեսա-քաղաքական ազդեցիկ շրջանակներին:
 
Այժմ խաղը բացվել է, եւ բացվում է թերեւս ավելի ու ավելի: Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետնաբեմային դիմակայությունը անշուշտ շարունակվում է նաեւ այժմ, բայց դա տեղի է ունենում արդեն իշխանությունից հեռու կարգավիճակում, եւ նրանք չունեն Գագիկ Ծառուկյանի «բուֆերային» անհրաժեշտությունը: Այդ անհրաժեշտությունը չունի նաեւ Ռուսաստանը, որովհետեւ այստեղ էլ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը սկսում է ավելի ու ավելի բաց եւ անմիջական խաղ, որն ի դեպ ավելի ու ավելի է ընդունելության արժանանում Ռուսաստանում, մի շարք տարբեր հանգամանքներից ելնելով:
 
Գագիկ Ծառուկյանը փորձում է չբացվել, ձգտելով դրանում որոնել քաղաքական հաջողություն: Մինչդեռ ամբողջ հարցն այն է, որ նրա հաջողությունը կարող է լինել քաղաքականությունից դուրս գալու հարմար պահի ընտրությունը, որովհետեւ քաղաքականության մեջ հաջողության հեռանկար նա չուներ անգամ «բուֆերային պահանջվածության» լավագույն ժամանակաշրջանում: Առավել եւս այժմ, որքան էլ «գայթակղիչ» կամ գեղեցիկ թվա Ամուլսարը:
 
Ծառուկյանն այդ գործում պետք է ապահովի կամ կառավարող քաղաքական ուժի, կամ վերախմբավորվող նախկին իշխող համակարգի քաղաքական լոկոմոտիվության հավակնող ուժերի քաղաքական հաջողությունը: Բայց երկուսի պարագայում էլ հաջողությունը ենթադրելու է Ծառուկյանի հեռացում քաղաքականությունից, որովհետեւ իբրեւ քաղաքականության գործոն՝ բուֆերից նա աստիճանաբար վերածվում է բալաստի, ընդ որում ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ աշխարհքաղաքական առումով: Հեռանա՞լ, թե հեռացվել, քաղաքական ռազմավարության իմաստով հենց այդ խնդիրն է ԲՀԿ նախագահի առաջ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play