ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում


ՍԴ-ն ընդունել է մի որոշում, որը տարբեր կերպ է ընկալվում

  • 12-09-2019 10:19:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը
 
 
Պարոն Վարդանյան, Քոչարյանի գործով ՍԴ որոշումից հետո տարբեր կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չեն այդ կառույցի և ղեկավարը, և անդամները։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ լեգիտիմ չեն ՍԴ-ի որոշումները։
 
 
Նախ՝ այս դիմումի ընդունման շեմը, իմ կարծիքով, չէր հաղթահարվել, և ՍԴ-ն այն չպետք է վարույթ ընդուներ։ Երկրորդ՝ այն հանգամանքը, որ ՍԴ-ն դիմումի առկայության պարագայում առ այն, որ որոշ դատավորներ ի վիճակի չեն քննելու այս գործը, այսինքն՝ անհնարին է նրանց մասնակցությունը գործի քննությանը, քանի դեռ դրան ՍԴ-ն չի անդրադարձել և այդ դատավորների մասնակցությամբ է այդ որոշումը կայացվել, զգալիորեն իջեցնում է վստահելիությունը այդ որոշման նկատմամբ՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը։
 
Ի՞նչ պետք է հաջորդի սրան, ի՞նչ անելիք ունի Ազգային ժողովն այս պայմաններում։
 
Խորհրդարանն ունի որոշակի լիազորություններ և քաղաքական, և իրավական դաշտում։ Մասնավորապես ՍԴ դատավորների նշանակման, ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման հետ կապված լիազորությունները սահմանված են Սահմանադրության մեջ։ Մնացած հարցերը կախված են նրանից, թե ինչ իրավիճակի կբախվենք և որ ճանապարհով ենք շարժվելու։
 
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկած երեք տարբերակները խորհրդարանը քննարկո՞ւմ է։
 
Այս հարցի հասցեատերը երևի թե ես չեմ, ճիշտ կլինի, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանի այդ հարցին։ Այն, որ Վահե Գրիգորյանի նամակը հասցեագրված է նաև ԱԺ-ին և մանրամասն ուսումնասիրվում է մեր կողմից, սա փաստ է։ Այն ուսումնասիրվել է։
 
Այդ առաջարկներից ո՞րն է ավելի ընդունելի։
 
Վահե Գրիգորյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք քննարկման ենթակա են։
 
Դուք ՍԴ խնդրի լուծման ի՞նչ տարբերակ ունեք։
 
Ես շատ տարբերակներ ունեմ, բայց դրանք մինչև չքննարկեմ իմ գործընկերների հետ, կարծում եմ՝ սխալ կլինի դրանց մասին բարձրաձայնելը։
 
Ուշացած չե՞ն այդ քայլերը։
 
Չեմ կարծում, որ ուշացած են։ Դատաիրավական բարեփոխումներն ընթացքում են, կա նախագիծ, մենք քննարկում ենք դրանք։ Գիտեք, որ ՍԴ-ն դատական համակարգում առանձնահատուկ տեղ է գրավում, այն առավելապես հանդիսանում է նեգատիվ օրենսդիր մարմին, քան դատական մարմին, և ՍԴ խնդիրը մի փոքր այլ է, քան դատական համակարգի մարմինների խնդիրը։ Իհարկե, պետք է արձանագրեմ, որ այն վիճակը, որն առկա է ՍԴ-ում, դրական առումով չի ազդում այն գործընթացների վրա, որոնք պետք է ծավալվեն Հայաստանում։
 
Բայց որոշ առումով սա նաև ներդատական իշխանության խնդիր է, և դատական իշխանությունը ևս պետք է անի հնարավորինը, որ համապատասխանի այն չափանիշներին, որոնք մենք կարող ենք ակնկալել նրանից՝ ելնելով այն զարգացումներից, որոնք տեղի են ունեցել Հայաստանում։ Այն, որ ՍԴ-ից վեր չկա որևէ կառույց, որը կարող է բեկանել, վերանայել ՍԴ որոշումները, դեռևս հիմք  չի տալիս, որ ՍԴ-ն շեղվելով օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերից՝ կայացնի որոշումներ, որոնց վստահելիության առումով հանրության մոտ լուրջ կասկած է առաջանում։
 
Քոչարյանի գործի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որոշումը դեռ չկա։ Կարո՞ղ է այդ եզրակացությունը որոշակի ազդեցություն ունենալ ընդհանուր տրամաբանության վրա։
 
Իրավունքի տեսանկյունից այն կարող է հաշվի առնվել, քանի որ այն պարտադիր փաստաթուղթ չէ։ Բառացիորեն այն «դատարանի բարեկամի կարծիք» է, որը կարող է հաշվի առնվել, կարող է հաշվի չառնվել։
 
Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ ՍԴ որոշումից հետո նա պետք է անհապաղ ազատ արձակվի, սակայն այդ հարցը կարծես չի էլ քննարկվում։ Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը։
 
ՍԴ-ն իրավասություն չունի ինչ-որ մեկին ազատի քրեական հետապնդումից կամ հակառակը՝ ենթարկի քրեական հետապնդման։ Փաստաբանները շահագրգիռ կողմ են, իրենք ամեն ինչ էլ կարող են հայտարարել։ Այլ բան է, որ փաստաբանները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ՍԴ որոշումն ընկալվի որպես հիմք քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու համար։ Սրանք շահագրգիռ կողմի ենթադրություններ են, որոնք հիմնված են մի որոշման վրա, որը, մեղմ ասած, որոշ առումներով անհասկանալի է և իրավական առումով ընդունվել է սահմանված ընթացակարգերի խախտմամբ։
 
Կան նաև փաստաբաններ, որ նշում են, որ ՍԴ որոշումն ական է «մարտի 1»-ի գործի տակ։
 
Չեմ կարող այդ մասին բան ասել, որովհետև ես ականազերծման գործընթացով զբաղված չեմ, բայց պետք է նշեմ, որ ՍԴ-ի իմաստը հետևյալն է՝ մեկնաբանել, պարզաբանել ու ասել, թե սահմանադրական ինչ շրջանակ մենք ունենք։ Հիմա ՍԴ-ն մեզ պետք է ուղղի նրան, թե որն է ճիշտ, որն է սխալ։ Մենք ունենք որոշում, որը հանգեցրել է նրան, որ յուրաքանչյուր անձ, ով կարդում է այդ որոշումը, իր մոտ տարբեր ընկալում է առաջանում առ այն, թե ինչ պետք է արվի սրանից հետո։ ՍԴ-ն արձանագրել է բաց, որը պետք է լրացվի։ Եթե դուք գտնեք երեք փաստաբան, որոնք այս որոշումը կարդացել են և ունեն մեկ միասնական դիրքորոշում, ես կասեմ, որ ես սխալվում եմ։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play