Ինչ է լինելու ուժայինների հրաժարականներից հետո


Ինչ է լինելու ուժայինների հրաժարականներից հետո

  • 19-09-2019 13:54:08   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականները կարող են իշխանության նոր օրակարգի ձեւավորման կատալիզատոր դառնալ:
 
Բանն անձերի մեջ չէ, որոնց Նիկոլ Փաշինյանը վստահել է ուժային կառույցները, այլ այն, որ նրանք, ունենալով աշխատանքի փորձ նախկին իշխանության օրոք, յուրատեսակ «ողջախոհ արգելակի» դեր էին խաղում: Արգելակն անհրաժեշտ է իշխանության եկած «Իմ քայլի» «երիտասարդ» նիհիլիզմը զսպելու համար, որի կազմում պատգամավոր են դարձել հիմնականում երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք հաճախ արմատական դեմոկրատական հայացքների կրող են:
 
Նիհիլիզմն է պայմանավորում նոր իշխանության քաղաքականությունը, որը չի թաքցնում բացարձակության հասցված հակակոռուպցիոն պայքարի եւ նախկին համակարգը լիակատար արմատախիլ անելու ձգտումը` հաշվեհարդար տեսնելու բոլոր նրանց հետ, ովքեր «մեղավոր» են: Իշխանության մեջ շատերի նիհիլիզմը պայմանավորված է տարբեր մոտիվներով:
 
Եթե օրակարգը բացառապես նիհիլիզմով առաջնորդվող այդ ուժերը ձեւավորեին, երկրում կարող էին անշրջելի ցնցումներ լինել, որոնց պատասխանտվոթւյունը կընկներ Նիկոլ Փաշինյանի վրա: Ահա թե ինչու անհրաժեշտ էր զսպել ալիքը, որը կարող է սրբել բոլորին եւ ամեն ինչ, եւ «ողջամիտ ուժայինների» առկայությունը թույլ էր տալիս պահպանել հավասարակշռությունը:
 
Արթուր Վանեցյանի հրաժարականը կարող է վկայել, որ նիհիլիզմի ալիքը կրկին բարձրացել է եւ արդեն Նիկոլ Փաշինյանին է սպառնում: Վերլուծաբանները կարծում են, որ ուժայինները, որոնք փորձում էին այդ ալիքից պաշտպանել պետությունը, դրանից չեն պաշտպանելու Փաշինյանին ու նրա կուսակցությանը:
 
«Նիհիլիզմի կուսակցությունը» Փաշինյանի եւ ուժայինների հետ տարաձայնություններ ունի մի քանի հարցերով՝ Ամուլսար, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալություն, դատավորների վեթինգ, Սահմանադրական դատարան: Իշխանության կուսակցությունը եւ նրան աջակցող խորհրդարանից դուրս լիբերալ թիկունքը բացարձակ շեմեր են սահմանել՝ հանքարդյունաբերությունից լիակատար հրաժարում եւ Ամուլսարում բնապահպանների հանդեպ ուժի չկիրառում, Ռոբերտ Քոչարյանի ազատազրկում եւ պատիժ բոլոր «նախկիններին», դատական համակարգի լիարժեք բարեփոխում եւ սեփականության բռնագրավում: Այդ շեմին հասնելուն ի զորու չէ անգամ 70 տոկոսանոց աջակցություն ունեցող կուսակցությունը:
 
Բայց ամենագլխավորն այն է, որ այդ շեմերը սահմանվում են անցյալին նայելով՝ որպես եղածն ուղղելու, այլ ոչ թե նորը կառուցելու փորձ: Ուժայիններն ավելի շատ զբաղված են նրանով, որ ապահովում են ներկան, ընթացիկ գործընթացները: Կյանքն անցնում է, եւ անհրաժեշտ է արձագանքել յուրաքանչյուր մարտահրավերի՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր:
 
Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի հրաժարականը նշանակու՞մ են, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգը ձեւավորելու են իր կուսակցության «նիհիլիստները», եւ Հայաստանը վերածվելու է «առանց արգելակների երկրի»:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play