2019 թվականի դրությամբ նորածնային մահացության մակարդակը Հայաստանում նվազել է 19-20 տոկոսով


2019 թվականի դրությամբ նորածնային մահացության մակարդակը Հայաստանում նվազել է 19-20 տոկոսով

  • 23-09-2019 18:40:59   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Անցած երեք տարում տարեկան միջին ցուցանիշի հետ համեմատած, 2018 թվականին նորածինների մահացածության մակարդակը Մուրացան բժշկական համալիրում նվազել է 48 տոկոսով, և այս միտումը շարունակվում է»,- ասաց Հրանտ Կալենտերյանը՝ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ և Մուրացան հիվանդանոցային համալիրի նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարը:  Բաժանմունքը սպասարկում է Հայաստանի բոլոր մարզերը:  Ըստ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության, 2019 թվականի դրությամբ նորածնային մահացածության մակարդակը Հայաստանում նվազել է 19-20 տոկոսով վերջին չորս տարվա արդյունքների համեմատ: Մահացածության մակարդակի իջեցումը այն առանցքային նպատակներից մեկն էր, որին հետամուտ էր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ խնամքի ծառայությունների որակի բարելավում» ծրագիրը: 
 
Այսօր Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր ծրագրի փակման արարողությունը: Ծրագիրն ապահովել է նորածինների խնամք իրականացնողների համար ժամանակակից գիտելիքներ և հմտություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և ստուգայցեր: 
 
Ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ, և այն միտված էր աջակցելու Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիային (ՆԲՀԱ )՝ իրականացնելու իր գործունեությունը՝ ուղղված առողջ սերնդի զարգացմանը նեոնատալ ծառայությունների հետևողական կազմակերպման միջոցով:
 
«Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը զգալիորեն աջակցել է նորածնային առողջապահական ծառայությունների որակի բարելավման գործընթացին: Շատ ենք կարեւորում ՆԲՀԱ-ի եւ պետական մարմինների՝ ի դեպմս ՀՀ ԱՆ, մարզային կառույցների եւ պետական այլ մարմինների հետ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, որը տեղի է ունեցել ծրագրի իրականացման ընթացքում», - ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
 
«Մեծ գոհունակությամբ և շնորհակալակական զգացումներով եմ տոնում Ձեզ հետ մեր չորս տարվա համագործակցության ձեռքբերումները: Սա համագործակցություն է, որի նպատակն է փրկելու նորածինների կյանքերը, երջանկություն պարգևելու նրանց ծնողներին և, իհարկե, երաշխավորելու Հայաստանի ապագա սերունդների առողջությունն ու ապրելու իրավունքը։  Մենք շատ հպարտ ենք, որ մասնակցել ենք այս անչափ կարևոր ծրագրի իրագործմանը։ Սա այն նախաձեռնություններից է, որի միջոցով Ամերիկայի ժողովուրդն իր հոգատարությունն է արտահայտում Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ», -ասաց Դեբորահ Գրիզերը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը:
 
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող բուժհաստատությունների աշխատանքի բարելավումներին, որոնք ձեռք էին բերվել  բուժանձնակազմի գիտելիքների և հմտությունների խորացման, վերանայված պետական նեոնատալ չափորոշիչների և շրջանների ու Երևանի հիվանդանոցներում նեոնատալ խնամքի ընտանիքակենտրոն մոդելի ներդման արդյունքում: «Նախկինում մենք չենք ունեցել այսքան շատ դասընթացներ, այժմ մենք մեզ ավելի մոտ ենք զգում ժամանակակից բժշկությանը», - ասաց Հասմիկ Մուղդուսյանը՝ Նոյեմբերյան բժշկական կենտրոնի նեոնատոլոգներից մեկը: 
 
Ջանալով ուժեղացնել ընտանիքակենտրոն խնամքը՝ ծրագիրն իր ուշադրությունն ուղղել էր նեոնատալ խնամքի համակարգի կարողությունները համապատասխան դարձնելու հանրային առողջապահության համակարգին:  Ելույթ ունեցողները ամենից շատ նշում էին շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի համախմբման կարևորությունը՝ միտված Հայաստնում նորածինների կանխելի մահացածությանը վերջ դնելու գործում նշանակալի առաջընթացի հասնելուն: 
 
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է մասնագիտական բժշկական ասոցիացիաների դերի և կարողությունների հզորացումը:  Մասնագիտական բժշկական ասոցիացիաների կոնսորցիումը, որը հիմնադրվել էր ծրագրի շրջանակներում, սկսեց աշխատել՝ խթանելու մայրերի և երեխաների առողջության խնամքը և ապահովելու արդյունավետ շարունակական խնամք հղիությունից մինչև մանկություն՝ այսպիսով երաշխավորելով երեխաների կյանքը և զարգացումը: 
 
Միջոցառմանը ներկա էին ՆԲՀԱ գործընկերները՝ ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հայկական ակնաբուժական նախագծի ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ նեոնատալ խնամքի ծառայություններ տրամադրող հիվանդանոցներից՝ ամբողջ երկրի մաշտաբով, և տեղական ու միջազգային կազմակերպություններից, որոնք զբաղվում են Հայաստանում մոր և մանկան առողջության հարցերով: 
 
Կլինիկական ուղեցույցները և նեոնատալ խնամքի չափորոշիչները, որոնք արժանացել են ՀՀ առողջապահության նախարարության հավանությանը, տարածվում են Հայաստանի բոլոր շրջանների նեոնատալ բուժանձնակազմերի, ինչպես նաև առողջապահության ոլորտի այն աշխատակիցների շրջանում, որոնք արդեն դասընթացներ են անցել դրանց օգտագործման վերաբերյալ: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն