Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը


Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

  • 23-09-2019 19:37:40   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մինչև սեպտեմբերի 26-ն ամեն օր դասական երաժշտության երեկոներ կպարգևի բարձրարժեք երաժշտության սիրահարներին։ 
 
«Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 
 
Փառատոնի մեկնարկային համերգին, որը ղեկավարում էր մեծ ճանաչում ունեցող դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը, նվագախմբի հետ հանդես եկան անվանի մենակատարներ՝ Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Ներկայացվեցին Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։
 
Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը փառատոնի հյուրն է, ներկա է լինելու, փառատոնային համերգներին։ Ասում է՝ միշտ սպասում է իր երևանյան այցելություններին, և ուրախ է, որ կայանալու են իր երկու ստեղծագործությունների պրեմիերաները։
 
Դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը, խոսելով համերգային ծրագրի մասին, նկատում է, որ այն հետաքրքիր կառուցվածք ունի. սկսվում և ավարտվում են դասական կոմպոզիտորների գործերով, իսկ մեջտեղում՝ Ալեքսեյ Շորի՝ ժամանակակից հեղինակի գործերն են։ Ըստ դիրիժորի՝ Շորի երաժշտությունը նոր է, շատ մեղեդային, ներդաշնակ։ 
 
Թավջութակահար Ջոնաթան Ռուզմանն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում, նա նշում է, որ իր համար հաճելի է նվագել հայ ունկնդրի համար։ Ռուզմանը ծանոթ է հայկական երաժշտությանը, հայ կատարողական արվեստին։
 
Նշենք, որ համերգին ներկա էին նաև Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի սաները, որոնց մոտ օրերս ԴասA ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էր ջութակահար Անդրեյ Բարանովը և անցկացրել դասաժամ դասական երաժշտության մասին։ 
Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհում մեծ ճանաչում վայելող օպերային երգչուհի Աննա Կասյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play