Ռուսաստանի բողոքի նոտան. ո՞վ է փորձում սկանդալ հրահրել Հայաստանում


Ռուսաստանի բողոքի նոտան. ո՞վ է փորձում սկանդալ հրահրել Հայաստանում

  • 25-10-2019 10:16:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Տեղեկությունները, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կուղարկի զենքի տենդերի տապալման պատճառով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ՌԴ պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:
 
Հիշեցնենք, որ երեկ ռուսական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կուղարկի զենքի տենդերի տապալման համար, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը եւ կխնդրի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել իրավիճակը:
 
2019 թվականի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Հայաստանին մի քանի միլիոն դոլարի զենք մատակարարելու համար հայտարարված տենդերի չկայանալուց հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայությանն անփույթ վերաբերմունքի» հոդվածով:
 
Նոտայում նշված է, որ ընկերությունն «անհիմն ընդգրկվել է ՀՀ ԶՈւ անբարեխիղճ մատակարարների ցանկում»: Փաստաթղթից հետեւում է նաեւ, որ ՊՆ-ն «ոչ իրավաչափ պահանջել է բանկային երաշխիքի վճարում տենդերին մասնակցելու համար», չնայած օրենքով ընկերությունը պետք է այդքան փոխհատուցում վճարեր, եթե հաղթեր տենդերը եւ հրաժարվեր պայմանագիր ստորագրելուց:
 
Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, նշել է. «Ցավոք, ORSIS-ի վերը նշված պայմանագրի հետ կապված առաջին իսկ օրվանից տարբեր անանուն աղբյուրներից սկսվեց ոչ էնքան ճիշտ ինֆորմացիա շրջանառվել»: Ինչ վերաբերում է քրեական գործի հարուցմանը, Հովհաննիսյանն ասել է, որ լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում:
 
Մամուլի քարտուղարը ափսոսանք է հայտնել, որ թեման նորից շահարկվում է:
 
Միայն կռահել կարելի է, թե ով է շահագրգռված հայ-ռուսական «տենդերային» կոնֆլիկտի ուռճացմամբ: Պաշտպանական արդյունաբերության համալիրը վերահսկում են տարբեր խմբեր, եւ դրանցից յուրաքանչյուրը կապված է այն պետությունների լոբբինգի հետ, որոնք կարող են ոչ բարեկամաբար տրամադրված լինել Հայաստանի հանդեպ:
 
Վիճելի հարցը լուծվե՞լ է, եթե ՏԱՍՍ-ը հայտնում է բողոքի նոտայի բացակայության մասին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play