Ինչ գիտե Արթուր Վանեցյանը. հակառակ էֆեկտ եւ մարդկային ողբերգություն


Ինչ գիտե Արթուր Վանեցյանը. հակառակ էֆեկտ եւ մարդկային ողբերգություն

  • 07-11-2019 12:15:31   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անհեթեթություն է համարել Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը շատ բան գիտե ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մասին: Յուրի Տեփանոսյանը սպանվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նա սպանված երեք ոստիկաններից մեկն էր: Այդ սպանության հարցում առավել «խորհրդավորն» այն էր, որ, եթե երկու մյուս ոստիկանները սպանվել էին գնդի գրավման ժամանակ, Յուրի Տեփանոսյանը սպանվեց հուլիսի 30-ին, երբ իրավիճակը մոտենում էր հանգուցալուծման, եւ հուլիսի 31-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը վայր դրեց զենքը:
 
ՊՊԾ գնդի գրավումն ու հետագա երկշաբաթյա զարգացումները անշուշտ Հայաստանի նորագույն պատմության ողբերգական եւ ամենախորհրդավոր էջերից են: Ով ինչ գիտե տեղի ունեցածի մասին, պարզ չէ: Հաստատ է թերեւս, որ կան մարդիկ, որոնք գիտեն ամեն ինչ, կամ շատ բան:
 
Հանրությունը հետեւել է «այսբերգի» տեսանելի մասին, որն անկասկած ամենեւին մեծ մասը չէ:
 
Նախօրեին տեղի ունեցած դատավարությանը ծռերը հայտարարել են, որ այդ քայլին են գնացել հանուն պետության, պայմանավորված նոր պատերազմը կանխելու համար, եւ եթե հարկ լինի՝ նորից կանեն այդպիսի քայլ:
 
Կասկած չկա, որ ծռերն այդ քայլին են գնացել հանուն հայրենիքի: Այլ հարց է, թե այդ քայլից ինչ է շահել պետությունն ու ինչ է կորցրել: Որովետեւ իշխանությունը, որի դեմ նրանք գնացել են այդ քայլին, կարծես թե խոշոր հաշվով չի կորցրել ոչինչ, եւ այն թեզը, թե դրանով է իշխանությունը թուլացել եւ դրանով է հասունացել թավշյա հեղափոխությունը, գործնականում խիստ տեսական պնդում է, ավելի շատ հեղափոխության մեջ սեփական դեր գտնելու փաստարկ: Որովհետեւ Հայաստանում երկու տարի անց տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը գործնականում հակոտնյա էր «միայն զենքով» մոտեցմանը, որով առաջնորդվել էր զինված խումբը:
 
Ինչ վերաբերում է պայմանավորված պատերազմ կանխելու հանգամանքին, ապա գուցե եղել են աղբյուրներ, որոնք խմբի անդամներին վստահեցրել ու հավատացրել են, որ հասունանում է այդպիսի մի բան, հողերի հանձնում եւ այլն: Ի վերջո արժե հիշել, թե Սանկտ-Պետերբուրգի եռակողմ՝ Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ ռուսական եւ ադրբեջանական մեդիափորձագիտական շրջանակներն ինչպես էին գեներացնում տեղեկատվություն, թե Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանին առաջարկվել է հանձնել գոնե երկու շրջան եւ նա համաձայնել է դրան:
 
Բայց եթե քննական հայացք գցենք իրավիճակին, արդյոք ապրիլյան քառօրյա պատերազմից, դրանում հայկական բանակի եւ հանրության վարքագծից հետո որեւէ մեկը կարող էր իրատեսական համարել որեւէ պայմանավորված պատերազմ կամ հողի հանձնում: Արդյոք դա կանխելու համար հարկ էր ստեղծել ՊՊԾ վիճակ: Չէ՞ որ հողի հանձնման կանխարգելում էր հենց ապրիլյան քառօրյայի հայկական դիմադրությունը, ու երկարաժամկետ կանխարգելում:
 
Սանկտ-Պետերբուրգում լուծվում էր մի խնդիր՝ Վիեննայի օրակարգի չեզոքացման հարց, որը կտրականապես մերժելի էր Ադրբեջանի ու Մոսկվայի համար, քանի որ Մոսկվան զգալիորեն կորցնելու էր իրավիճակի հետագա կառավարման գերիշխող դերը:
 
Վիեննայի օրակարգը ԱՄՆ նախաձեռնությամբ պարտադրվեց Ադրբեջանին ապրիլյան քառօրյայից հետո՝ մայիսին: Դա փաստացի արցախ-ադրբեջանական սահմանի ճանաչման եւ նաեւ հրադադարի խախտման համար միջազգային պատասխանատվություն սահմանող օրակարգ էր, կամ ինչպես Բաքուն էր խոստովանել՝ դա ստատուս-քվոյի արձանագրման օրակարգն էր:
 
Հուլիսին ՊՊԾ գնդի գրավումից հետո Հայաստանի իշխանությունը հայտնվեց բավական բարդ, ներքին արյունահեղությունը գլխին կախված վիճակում: Բավական կոշտ ու ողբերգական մեթոդով նրան հիշեցրել էին ներքին լեգիտիմության բացակայությունը, էապես զրկելով Վիեննայի օրակարգ պնդելու հնարավորությունից:
 
Արդյոք պատահական է, որ դրանից հետո տեղի չունեցավ հունիսին Սանկտ-Պետերբուրգից հետո սպասվող Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը, որի կազմակերպման հայտ էր ներկայացրել Ֆրանսիան, ընդգծելով, որ առաջնահերթը օրակարգում լինելու է Վիեննայի մեխանիզմի հարցը:
 
Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ միայն մոտ մեկուկես տարի անց, եւ արդեն բոլորովին այլ օրակարգով:
 
ՊՊԾ գրավման գործողությունը Հայաստանի համար ունեցել է լիովին հակառակ քաղաքական էֆեկտ եւ դարձել նաեւ մարդկային ողբերգություն:
 
Հայաստանի համար ծռերի էֆեկտ ունեցած քայլը հուլիսի 31-ին զենքը վայր դնելն էր:
 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play