Հայ կաթոլիկ հոգեւորականի սպանությունը Սիրիայում ուղե՞րձ է


Հայ կաթոլիկ հոգեւորականի սպանությունը Սիրիայում ուղե՞րձ է

  • 13-11-2019 09:50:16   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Իսլամական պետությունն իր վրա է վերցրել Սիրիայում հայ կաթոլիկ հոգեւորականի եւ նրա հոր սպանության պատասխանատվությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հովսեփ Պետոյանն ու նրա հայրը սպանվել են Հասաքեից Դեյր էզ-Զոր տանող ճանապարհին:
 
Հայ հոգեւորականի, ընդ որում, կաթոլիկ, սպանությունը տեղի է ունենում տարածաշրջանային կարեւոր գործընթացների համատեքստում: Մասնավորապես, օրերս Երեւանում էր Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարցերով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը: Այլ կերպ ասած՝ Վատիկանի արտգործնախարարը:
 
«Մեր քաղաքական օրակարգում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցերը, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանումը»,- նրա հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
 
«Երկկողմ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև հաստատվել են 1992 թվականի մայիսին, բայց շփումները մեր միջև ավելի երկար պատմություն ունեն, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում»,- ընդգծել է Գալագերը:
 
Հայ կաթոլիկ հոգեւորականի սպանությունը տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երեւան այցի օրը: Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովը խոսել է նաեւ Սիրիայում քրիստոնյա բնակչության պաշտպանության գործում Ռուսաստանի ու Հայաստանի առաքելության մասին:
 
Մնացականյանն ասել է, որ Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել Սիրիայում ապրող հայերին օգնելու համար: «Ընդգծել ենք հայկական մարդասիրական առաքելության դերը Սիրիայում», – ասել է Մնացականյանը:
 
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով հաշվի առնել հայ համայնքի շահերը: Պուտինը, Փաշինյանի խոսքով, խոստացել է անել դա ու պահել է խոստումը: Հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների բանակցությունը, որի արդյունքներով Անկարան դադարեցրել է ռազմական գործողությունը, իսկ ռուս-թուրքական համատեղ պարեկությունը չի տարածվել Կամիշլիի վրա:
 
Վերջերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը հրաժարվել է հանդիպել «օկուպանտ» Էրդողանին, Սիրիայի հայերի մասին ասել է, որ նրանք ինտեգրվել են սիրիական հանրությանը, բայց չեն ձուլվել:
 
Մի քանի օր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարները բազմիցս խոսել են Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների նկատմամբ պատասխանատվության մասին: Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնելու է ԱՄՆ, որտեղ նախագահ Թրամփի հետ քրիստոնյաների հարցը նույնպես քննարկվելու է:
 
Հայ կաթոլիկ քահանայի սպանությունը ուղե՞րձ է, որ ինչ-որ ուժեր չեն ցանկանում, որ հայ քրիստոնյաների շահերը աշխարհքաղաքական գործոն դառնան տարածաշրջանում: Դա նախազգուշացու՞մ է հայերին կամ այն երկրներին, որոնք խոսում են քրիստոնեությունը Մերձավոր Արեւելքում պահպանելու մասին:
 
Արեւմուտքը արդեն մի քանի տարի կարմիր կակաչով կրծքանշաններ է կրում, Ռուսաստանը փորձում է բոլորին գեորգիեւյան ժապավեն պարտադրել, իսկ Հայաստանը անմոռուկ է կրում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play