Հայաստանը ընդլայնո՞ւմ է իր առաքելությունը Սիրիայում


Հայաստանը ընդլայնո՞ւմ է իր առաքելությունը Սիրիայում

  • 15-11-2019 10:20:54   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայ-թուրքական հարաբերության հեռանկարի մասին խոսելիս պետք է նկատի առնել, թե ինչպիսին է միջավայրը, նախօրեին խորհրդարանում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, թե արդյոք Ռուսաստանն արել է կարգավորման գործընթացի որեւէ առաջարկ:
 
Նիկոլ Փաշինյանը բերել էր Սեւանում լողալու օրինակը, ասելով, թե՝ երբ առաջարկը լինի ամռանը՝ մի բան է, մեկ այլ բան, երբ լողալ առաջարկեն փետրվարին:
 
Հասկանալի է, որ վարչապետը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հեռանկարի տեսանկյունից «եղանակը» գնահատում է ձմեռային, այսինքն «լողալը»՝ անհեռանկար ու նույնիսկ վտանգավոր: Այդուհանդերձ հստակ չէ՝ իսկ լողալու առաջարկ եղե՞լ է, Ռուսաստանը արե՞լ է առաջարկ եւ Հայաստանը մերժե՞լ է, պատճառաբանելով, որ ներկայում լողալու եղանակ չէ:
 
Հարցը արդիականացավ Հայաստան ՌԴ արտգործնախարար Լավրովի այցի համատեքստում: Նա խոսել էր հայ-թուրքական հարաբերության մասին, ասելով, որ Ռուսաստանն աջակցել է ֆուտբոլային դիվանագիտության հայտնի գործընթացին, միեւնույն ժամանակ զգուշացնելով, որ առանց Արցախի հարցում փոփոխության գործընթացը հաջողություն չի ունենա:
 
Ինտրիգն այստեղ թերեւս այն է, որ խոսակցությունը տեղի է ունենում ռեգիոնալ լայն զարգացումների դինամիկ փուլի ֆոնին, երբ Թուրքիան հայտնվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ արանքում: Իսկ «էպիկենտրոնը» Սիրիայի հյուսիսում տեղի ունեցողն է, որ թեժ փուլ մտավ Թուրքիայի ներխուժումից, հետո ԱՄՆ-ի ու Մոսկվայի հետ պայմանավորվածություններից հետո: Անկարան առ այսօր շարունակում է քննարկումները Վաշինգտոնի եւ Մոսկվայի հետ: Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ քննարկումներից հետո Սիրիայի իրավիճակը քննարկելու է նաեւ Պուտինի հետ:
 
Այդ համատեքստում հայկական դերը նկատելի է: Մի կողմից, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց հայերի ցեղասպանությունն ու այդ աննախադեպ որոշումով հայկական հարցը դրեց նոր նշաձողի, նոր հարթության վրա: Մյուս կողմից, Էրդողանի վաշինգտոնյան այցով կարծես թե կանխվեց Սենատում էլ համանման բանաձեւի առաջխաղացումը: Ինչ գնով է Անկարան հասել դրան, պարզ չէ:
 
Մինչ այդ, ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի դիմումով Էրդողանի հետ հանդիպմանը բարձրացրել էր Սիրիայի հյուսիսի Ղամիշլի քաղաքում հայկական համայնքի անվտանգության հարցը:
 
Լավրովի Հայաստան այցից առաջ Ղամիշլիում սպանվեց հայ երկու կաթոլիկ հոգեւորական: Հայաստանը բավական թափանցիկ ակնարկով պատասխանատվությունը դրեց Թուրքիայի վրա: Թուրքիայի արտգործնախարարությունը նոյեմբերի 14-ին հայտարարեց, թե սպանությունը տեղի է ունեցել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
 
Ու՞մ էր ուղղված ակնարկը՝ ամերիկացիների՞ն, թե՞ ռուսներին: Թե՞ ակնարկ էր, որ Սիրիայում հայ հոգեւորականներին սպանել է մի երրորդ ձեռք, որի նպատակն է եղել խնդիր ստեղծել ամերիկա-թուրքական կամ ռուս-թուրքական պայմանավորվածությունների տիրույթում:
 
Նախօրեին Մոսկվայում տեղի էր ունեցել ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերի ներկայացուցչի եւ Հայաստանի դեսպանի հանդիպումը, որտեղ քննարկվել են Սիրիայի հետ կապված հրատապ հարցեր: Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարը նշել էր, որ Երեւանը շարունակում է մարդասիրական առաքելությունը Սիրիայում՝ որ իրականացնում է ՌԴ լոգիստիկ աջակցությամբ, եւ պատրաստվում է անել այդ առաքելությունն այլ բնակավայրեր հասցնելու քայլեր:
 
Արդյոք դա նշանակում է, որ Երեւանը կարող է հայկական առաքելությունն ընդլայնել Ղամիշլիում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play