Հարութ Սասունյան.Հայերը Ստամբուլից թռչում են Նյու Յորք՝ մասնակցելու թուրքական քարոզչությանը


Հարութ Սասունյան.Հայերը Ստամբուլից թռչում են Նյու Յորք՝ մասնակցելու թուրքական քարոզչությանը

  • 16-11-2019 10:37:27   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Զարմանալի է, թե ինչեր է անում Թուրքիայի կառավարությունը՝ Պոլսո հայ հոգևորականությանը և աշխարհիկ մարդկանց իր քարոզչական արշավում ընդգրկելու համար։
 
2019 թ. նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հաղորդակցության գրասենյակը ցուցահանդես է կազմակերպել Նյու Յորքում՝ ներկայացնելով Արևմտյան Հայաստանի (ներկայիս արևելյան Թուրքիա) Աղթամար կղզում, Վանա լճի ափին գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները։
 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ոչ միայն Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը, այլ որքան էլ զարմանալի էր, մասնակցում էին մի շարք հայ ղեկավարներ, ինչպես նաև Ստամբուլից ժամանած քրիստոնյա այլ հոգևորականներ։ Մասնակիցների թվում էին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Պոլսո հոգևորական Շիրվան Միրզոյանը, Պոլսո Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ Եսայի Դեմիրը, Ծնունդ Ս․ Աստվածածին եկեղեցու ատենապետ Մեսութ Օզդեմիրը, Պոլսո Գուզգունջուկի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ատենապետ Էդուարդ Այվազյանը, Պոլսո Սուրբ Գրոց միության Թուրքիայի մասնաճյուղի տնօրեն Թամար Քարասուն, «Լույս» երկշաբաթաթերթից Արամ Քուրանը, Պոլսո հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն և նրա կինը, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համայնքի հիմնադրամի ներկայացուցիչ Մորիս Լևին, Ասորական հնագույն եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիթ Սուշինը, Ամերիկյան հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը, և հայկական ու թուրքական համայնքների մի շարք ներկայացուցիչներ: Ես ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների Հայ Եկեղեցու հոգևորականներից որևէ մեկը չմասնակցեց Նյու Յորքում ցուցահանդեսի բացման արարողությանը:
Թեև հասկանալի է, որ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առկա լարված հարաբերությունները, Թուրքիայի կառավարությունը կցանկանար ԱՄՆ-ում քարոզարշավ իրականացնել՝ իր արատավորված կերպարի բարելավման նպատակով, սակայն առավել քան անընդունելի է հայ աշխարհիկ անձանց և հոգևորականության, ինչպես նաև ասորի ու հույն  ղեկավարների մասնակցությունը։ Կարելի է արդարացնել Պոլսո ղեկավարների մասնակցությունը, հաշվի առնելով, որ նրանք պատանդ են կեղեքիչ թուրքական վարչակարգի ձեռքում։ Եպիսկոպոս Մաշալյանի դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր է, որ նա հոժարակամ է եկել, հաշվի առնելով, որ նա Թուրքիայում Հայոց պատրիարքի աթոռի համար դեկտեմբերին կայանալիք ընտրություններում երկու թեկնածուներից մեկն է։ Եպիսկոպոսը լավ գիտի, որ Թուրքիայի կառավարության ցանկությանն ընդդիմանալը կարող է նրա վրա շատ թանկ նստել, զրկվելով Պատրիարքարանի աթոռից։
Չնայած Էրդողանի կառավարության խիստ ցանկությանը՝ քարոզչություն իրականացնել ԱՄՆ-ում, այն չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից։ Թուրքիան մեծ ծախսեր արեց Սուրբ Խաչ եկեղեցու 88 լուսանկարները Նյու Յորք բերելու, ցուցահանդեսի դահլիճ վարձելու համար Մանհեթենում, Ստամբուլից Նյու Յորք մեկ տասնյակից ավելի հյուրեր տեղափոխելու և տեղավորելու համար, ինչպես նաև Սուրբ Խաչ եկեղեցու մասին պատմող՝ «Հայտնի են դառնում Անատոլիայի թաքնված հուշարձանները․ Աքդամար» ֆիլմը նկարահանելու համար, որը ցուցադրվեց ցուցահանդեսում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից վարձու ամերիկյան բարձր վարձատրվող լոբբիստական ընկերություններին չէին խնդրել կամ նրանց չէր հաջողվել ամերիկյան լրատվամիջոցներով տարածել ցուցահանդեսի մասին քարոզչությունը։ Երկրորդ, Թուրքիայի կառավարությունը չէր մտածել ցուցահանդեսի բացումը հետաձգել մեկ շաբաթով, որպեսզի Էրդողանը, որն այս շաբաթ կլինի ԱՄՆ-ում, կարողանար մասնակցել ժապավենը կտրելու պաշտոնական արարողությանը։ Սեպտեմբերին Էրդողանը ներկա էր գտնվել Նյու Յորքում աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որը ևս հովանավորվել էր Թուրքիայի կառավարության կողմից։
 
Ահա այն պատճառները, թե ինչու եմ Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը համարում թուրքական քարոզչության դրսևորում.
1)  Թուրքական կառավարությունը Սուրբ Խաչը հռչակել էր թանգարան, ոչ թե եկեղեցի, արտոնելով հայերին այնտեղ պատարագ մատուցել տարին մեկ անգամ՝ հատուկ թույլտվությամբ։ Նյու Յորքում ցուցահանդես կազմակերպելու փոխարեն շատ ավելի կարևոր կլիներ Սուրբ Խաչը թողնել որպես եկեղեցի, այլ ոչ թե թանգարան։ Ի՞նչու են հայ և մյուս հոգևորականները նշում թանգարանի ցուցահանդեսի բացումը։ Եթե նրանք մի փոքր արիություն ունենային, կհրաժարվեին մասնակցել ցուցահանդեսի բացմանը, մինչև այն նորից չվերածեին եկեղեցու, որի կառուցումը Հայոց թագավոր Գագիկ Արծրունու հովանավորությամբ ավարտվել է 921 թվականին։ Այցելուները նույնիսկ ստիպված են վճարել «թանգարան» մուտք գործելու համար:
 
2)  2007 թ․Սուրբ Խաչ տաճարի վերանորոգումից հետո, Թուրքիայի կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին՝ պատճառաբանելով, որ այն չափազանց ծանր է գմբեթի համար: Ի վերջո, շատ քննադատություններից հետո, Թուրքիայի կառավարությունը 2010-ին թույլատրեց խաչ տեղադրել Սուրբ Խաչ տաճարի վերևում:
 
3)  Թուրքիայի կառավարությունը թուրքացրել է կղզու անվանումը՝ այն Աղթամարից փոխելով Աքդամարի (որը թուրքերեն նշանակում է «Սպիտակ երակ»)։
 
4)  Իր ելույթում, եպիսկոպոս Մաշալյանը գովաբանեց նախագահ Էրդողանին՝ Նյու Յորքում այս ցուցահանդեսը բացելու համար․ «Նախագահի առաջնորդությամբ, հատուկ ուշադրություն և հետաքրքրություն է ցուցաբերվել Աքդամար եկեղեցուն․․․ Սա թուրք և հայ ժողովուրդների միջև դժվարությունները հաղթահարելու համար մի մշակութային նախաձեռնություն է, ինչպես նաև բարի կամքի վրա հիմնված կամուրջ` ավել լավ ապագայի և փոխըմբռնման համար»։
 
5)  Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտարարեց, որ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ջանքեր է գործադրել փոքրամասնությունների համայնքների համար... Մենք կցանկանայինք երախտագիտությունն արտահայտել նրան իր ցուցաբերած բոլոր օգնությունների համար և [նախագահի] Հաղորդակցության գրասենյակին այս ցուցահանդեսի համար»։  
 
6)  Ամերիկյան հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսը ուժեղացրեց թուրքական քարոզչությունը՝ ընդգծելով ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների նշանակությունը՝ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությանը ցուցաբերվող կարևորությունը ցույց տալու առումով, ասելով․ «Թուրքիան ընթանում է ճիշտ ուղղությամբ, և լավ է այս մասին պատմել ամբողջ աշխարհին»:
 
7)  Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ հպարտությամբ ասաց թուրքական լրատվամիջոցներին, որ Թուրքիայի փոքրամասնության խմբերի 17 ներկայացուցիչներ այժմ գտնվում են Նյու Յորքում՝ «Աքդամար եկեղեցու» լուսանկարների ցուցահանդեսի համար:
 
Եթե Թուրքիայի կառավարությունը իսկապես անկեղծ էր Աղթամարում գտնվող հայկական եկեղեցուն աջակցելու համար, ապա ինչո՞ւ վերջերս թույլ տվեց մի խումբ ադրբեջանցիների այցելել եկեղեցի և պնդել, որ դա կովկասյան ալբանական քրիստոնեական եկեղեցի է: Սա հերթական սուտ է, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է Ադրբեջանում գտնվող բոլոր պատմական հայկական եկեղեցիները ներկայացնելու համար: Ադրբեջանցի այցելուները Սուրբ Խաչ եկեղեցու ներսում ծածանեցին ադրբեջանական և թուրքական դրոշները, մինչ «ադրբեջանցի մի քահանա» իբր թե աղոթքներ էր անում։ Եկեղեցու դռան առաջ ադրբեջանցի ներկայացուցիչը հայերին մեղադրեց Ադրբեջան ներխուժելու և վանդալիզմի մեջ։ Թուրքական կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայերից` նման բացահայտ սուտ թույլատրելու համար․․․
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play