Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը


Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

  • 23-11-2019 10:32:21   | Հայաստան  |  Մշակույթ

Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի նոյեմբերի 24-ին կայանալիք երեւանյան համերգը չեղարկվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց համերգի կազմակերպիչ «AVM prodaction» ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը:
 
Ամանորի գիշերը Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչն էլ հանդիսացել է չեղարկման պատճառ: Նշենք, որ համերգը արդեն մեկ անգամ հետաձգվել էր: Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն Բրեգովիչի համերգային շրջագայության ժամանակացույցի փոփոխության պատճառաբանությամբ տեղափոխվել էր նոյեմբերի 24-ը:
 
Դրանից հետո «AVM production»-ը հայտարարությամբ հանդես եկավ, որով տեղեկացրեց, որ հոկտեմբերի 18-ի համերգի համար գնված տոմսերն ուժի մեջ են: Վիկտորյա Մալոյանը մեր զրույցում հայտնեց, որ տոմսերը բավականին լավ են վաճառվել: Վաճառքը չի նվազել նաեւ համերգի օրը տեղափոխելուց հետո, սակայն հենց քաղաքապետարանը հայտարարել է հրապարակում սպասվող անվճար համերգի մասին, տոմսերի 80 տոկոսը մարդիկ հետ են վերադարձրել:
 
«Քաղաքապետարանը շատ տգեղ բան արեց: Մենք կանխավճար էինք տվել թե՛ համալիրին, թե՛ Բրեգովիչին»,- ասաց ընկերության պրոդյուսերը: Նա նաեւ հայտնեց, որ խնդրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հայտարարությունը տարածեն նոյեմբերի 24-ի համերգը կայանալուց հետո, սակայն չեն արել: Ընկերությունը հայցում է բոլորի ներողամտությունը եւ տեղեկացնում, որ վաճառված տոմսերի գումարները կարող են ստանալ մինչեւ դեկտեմբերի 20-ը:
 
Տիգրան Վիրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում չհերքեց, որ կազմակերպիչները դիմել են հայտարարությունը ժամանակավոր հեռացնելու խնդրանքով, սակայն խոսքը վերաբերել է ոչ թե մինչեւ նոյեմբերի 24-ը չդնելուն, այլ հոկտեմբերի 18-ը: «Երբ որ համերգը հետաձգվեց, այստեղ արդեն մենք չէինք կարող հայտարարություն չանել»,- ասաց Վիրաբյանը:
 
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե ինչքան գումար են հատկացրել Ամանորի գիշերը հրապարակում կայանալիք Բրեգովիչի համերգի համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը միայն նշեց՝ տոնական միջոցառման բոլոր ծախսերը կատարվելու են կառավարության որոշմամբ հատկացված 271 միլիոնի եւ Երեւանի բյուջեով նախատեսված 54 միլիոնի շրջանակներում:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play