10 միլիոն դոլար. լեգիտիմության միֆը քանդվեց


10 միլիոն դոլար. լեգիտիմության միֆը քանդվեց

  • 29-11-2019 10:55:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել է մոտ 10 միլիոն դոլար: Դա ամենամյա հանգանակության ինչ որ միջին ցուցանիշ է: Սակայն, հեռուստամարաթոն 2019-ի ընթացքում արձանագրված արդյունքը տալիս է խորհելու տեղիք, քանի որ այն նոր Հայաստանի երկրորդ հեռուստամարաթոնն էր, որը չի տարբերվում այսպես ասած հին Հայաստանի հեռուստամարաթոններից:
 
Հնարավոր է իհարկե դիտարկել հանգանակության բաղադրությունը, սակայն ընդհանուր ցուցանիշը մեղմ ասած տպավորիչ չէ, հաշվի առնելով համահայկական ներուժը, որ կա աշխարհում: Եվ, եթե նախկինում ցուցանիշի ոչ տպավորիչ լինելը վերագրվում էր Հայաստանի իշխանության հանդեպ անվստահությանը, ապա ներկայում 10 միլիոն դոլարը փաստորեն քանդում է այդ միֆը: Պատճառը թերեւս իշխանության հանդեպ վերաբերմունքը չէ, այլապես ներկայում Հայաստանում եւ սփյուռքում թվում է թե մեծ վստահություն վայելող իշխանություն է եւ այդ պարագայում Հայաստանի ու Արցախի կարիքների համար հանգանակությունը կարող էր լինել ավելի տպավորիչ, մեծ վստահություն ունեցող իշխանությանը համարժեք:
 
Ուրեմն, պատճառն այլ տեղ է: Հետեւաբար պետք է հասկանալ, թե որտեղ:
 
Օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իտալիա կատարած այցի ընթացքում Վեետիկի Մխիթարյան միաբանության հայրերի հետ հանդիպմանը խոսել էր այն մասին, որ կառավարությունը սփյուռքի հետ հարաբերվելիս բախվում է մեկ լեգիտիմ կառույցի խնդրին: Փաշինյանը հայտարարել էր, որ տարբեր կառույցների հետ հարաբերվելիս հասկանում են, որ չկա լեգիտիմության ընդգրկուն պաշար ունցող մի կառույց, երբ հնարավոր է այն ասոցացնել ամբողջ սփյուռքի հետ: Վարչապետը նշել էր, թե ներկայում մտածում են այդպիսի կառույց ձեւավորելու մասին, եւ Սփյուռքի հարցերի հանձնակատարը հայ համայնքների հետ քննարկում է այդ հարցը:
 
Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակությունն իրականում արտացոլում է այդ խնդիրը՝ սփյուռքահայության շրջանում լեգիտիմության այսպես ասած կառուցվածքի խնդիրը: Իշխանության հանդեպ վստահության հարցն այստեղ չափազանց նեղ հարց է: Գործնականում մենք բախվում ենք արժեհամակարգային, հոգեբանական լրջագույն երեւույթների հետ, որոնք թույլ չեն տալիս բացել համահայկական ներուժը:
 
Այն միֆ չէ, այն կա: Միֆ էր այն, կամ միֆ է այն, որ հարցը կազմված է ընդամենը իշխանության լեգիտիմությունից կամ վստահելիությունից: Այդ մասին հարկ է խորհել, որովհետեւ համահայկական ներուժը իրապես կարեւորագույն գործոն է հայկական պետականության առաջ եղած մարտահրավերների համատեքստում, առանց որի այդ մարտահրավերների հետ աշխատելն ու հնարավորություններն օգտագործելը լինելու է չափազանց բարդ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play