2020 թ-ից շուրջ 3300 երեխա կստանա ներառական ծառայություններ․ Ժաննա Անդրեասյան

12-12-2019 18:10:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված քաղաքականության և ծրագրերի գնահատման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել։
 


Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը իր խոսքում նշել է. «2020 թվականից էապես կընդլայնվեն ցերեկային համայնքային ծառայությունները, մասնավորապես՝ նախատեսել ենք, որ շուրջ 3300 երեխա մարզերում և Երևանում ստանա ներառական ծառայություններ։ Խոսքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին է»:
 
Ժաննա Անդրեասյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական իրավունքի և պաշտպանվածության ապահովումը, կրթական իրավունքի լիարժեք իրացումը և սրա շրջանակում նաև միջգերատեսչական
համագործակցությունը։ Այս տեսանկյունից էական է համարվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատում իրականացնելու առաջարկը։
 
«Կլինեն առանձնահատուկ բաղադրիչներ, որոնք կօգնեն էլ ավելի թիրախային դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծառայությունները, ինչպես օրինակ՝ սոցիալական օգնականի մոդելը և շարժական ծառայությունները։ Սրանք նաև մեզ թույլ կտան հասկանալ, թե որն է հաշմանդամություն ունեցող երեխաների իրական թիվը, որովհետև երբ ծառայությունների ծածկույթը ընդլայնվի, ի հայտ կգան նաև այն երեխաները, որոնք հաշվառված չեն»,- պարզաբանել է նախարարի տեղակալը։
 
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) երեխայի իրավունքների, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ազգային քաղաքականության և ծրագրերի գնահատման տեխնիկական առաջադրանքը։ Ըստ այդմ, իրականացվելիք գնահատումը կպարզի, թե ինչ հաջողությամբ են իրագործվում հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղված ծրագրերը և ինչ արդյունքներ են արձանագրել, որքանով են դրանք հիմնված կարիքների վրա և ինչ ազդեցություն ունեն ընտանիքների, խնամակալների ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական միջավայրի վրա։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 800 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար