Թրամփը ճանաչել է ցեղասպանությունը. ինչպես է դա պատահել


Թրամփը ճանաչել է ցեղասպանությունը. ինչպես է դա պատահել

  • 18-12-2019 16:12:21   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից մի քանի օր անց դրան է անդրադարձել Պետդեպարտամենտը, որի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ԱՄՆ վարչակազմի մոտեցումը հայերի ցեղասպանության հարցի առնչությամբ չի փոխվել եւ այն արտացոլված է ընթացիկ տարում ապրիլի 24-ին նախագահ Թրամփի հռչակած ուղերձում:
 
Ապրիլի 24-ի ուղերձում Դոնալդ Թրամփը չի օգտագործել ցեղասպանություն բառը, թեեւ երբեք չի էլ տվել այդպիսի խոստում, սակայն նրա վերջին ուղերձը ուներ մի շատ էական եւ նուրբ դիվանագիտական հատկանշականություն: Դոնալդ Թրամփը խոսելով հայերի հետ տեղի ունեցած Մեծ եղեռնի մասին, անդրադարձել էր նաեւ այն մարդկանց աշխատանքին, որոնք նրա խոսքով փորձել են վերջ դնել բռնությանը:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հստակ եւ կոնկրետ նշել էր մի մարդու անուն՝ իրավապաշտպան Ռաֆայել Լեմկին: Իսկ հատկանշականությունն այստեղ այն է, որ Ռաֆայել Լեմկինը պարզապես բռնության կանխարգելման դեմ աշխատանք կատարևած մարդկանցից մեկը չէ: Ռուսական կայսրության տարածքում ծնված, հրեական ծագումով լեհ իրավաբանն այն մեկ մարդն է, որը «գենոցիդ»՝ ցեղասպանություն հասկացության հեղինակն է, դրել է այն շրջանառության մեջ, հասնելով այն բանին, որ այդ հասկացությունը իրավական կարգավիճակ ստանա միջազգային հարաբերություններում:
 
Դոնալդ Թրամփը իր ապրիլքսանչորսյան ուղերձում հստակ մատնացույց անելով Լեմկինին, տալով նրա անունն ու նշելով նրա աշխատանքը, մատնացույց է արել ցեղասպանությունը, այն էլ իբրեւ իրավական կատեգորիա:
 
Դոնալդ Թրամփի ուղերձը ապրիլի 24-ին հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը: Գործնականում, մի քանի ամիս անց Կոնգրեսի երկու պալատներում տեղի ունեցած ճանաչման ակտը, դեմոկրատների եւ հանրապետականների կոնսենսուսի պայմաններում, ամերիկյան քաղաքականության մեջ նշմարվող փոփոխության արձանագրում էր, որի առաջին ազդակը թերեւս հենց Դոնալդ Թրամփի ուղերձն էր ապրիլի 24-ին, որին էլ Սենատում ճանաչումից մի քանի օր անց հղում է անում Պետդեպարտամենտը:
 
Այդուհանդերձ ինչու՞ է Թրամփը ցեղասպանությունը ճանաչում «միջնորդավորված»՝ Լեմկինի հիշատակումով:
 
Հայկական հարցը չափազանց լայն ու ընդգրկուն աշխարհաքաղաքական գործոն է, դրանում խաղաքարտերը ամբողջությամբ կամ շատ արագ բացելու համար: Ի վերջո, խոսքը մասնավորապես վերաբերում է նաեւ մի ամբողջ ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի վերափոխման գործընթացին, որտեղ Նահանգների համար շատ կարեւոր է անվտանգային վակուումներ չառաջացնելը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play