Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ 17-ամյա տղայի սպանության վայրից. դանակը դեռ որոնում են (տեսանյութ)


Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ 17-ամյա տղայի սպանության վայրից. դանակը դեռ որոնում են (տեսանյութ)

  • 24-12-2019 15:50:37   | Հայաստան  |  Իրավունք



ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ եւ տեսանյութ է հրապարակել 17-ամյա տղայի սպանության վայրից ու քննչական գործողություններից:
 
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել էին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։
 
Դեպքի վայրը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում էր՝ չշահագործվող գորգագործական արտադրամասի տարածքում։ Օպերատիվ-քննչական խմբերն ու ոստիկանության փորձաքրեագետները հայտնաբերել են արնանման հետքեր։ Վեր են հանվելու, վերլուծվելու առանձնապես ծանր հանցագործության հնարավոր շարժառիթները։
 
Այս համատեքստում ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի քրեական հետախույզները հիմնավոր տվյալներ են ձեռք բերել, որ 17-ամյա մի երիտասարդի և սպանվածի միջև կենցաղային հարցերի շուրջ պարզաբանում էր եղել։ Երիտասարդները պայմանավորվել էին հանդիպել չշահագործվող գորգագործական արտադրամասում, որտեղ մարդկանց շարժ չկար։
 
Հարց ու պատասխանի ընթացքում էլ մեկը դանակով խփել էր մյուսի պարանոցին ու կրծքավանդակին և փախել տարածքից։ Փաստական տվյալների համադրմամբ քրեական հետախույզների կասկածները հաստատվել են, և Մասիսի բնակիչ, 17-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք՝ ներկայացնելով դեպքի մանրամասները, որոնք նախաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակվում։
 
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play