Կոնֆետի տուփում սուբուտեքսի 516 դեղահաբ կար․ երկու անձ կալանավորվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Կոնֆետի տուփում սուբուտեքսի 516 դեղահաբ կար․ երկու անձ կալանավորվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 25-12-2019 18:33:35   | Հայաստան  |  Իրավունք



Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի բնակիչներ 41 և 46-ամյա երկու տղամարդ նախնական համաձայնությամբ պետք է արտերկրից Հայաստան բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Դեկտեմբերի 21-ին տեղեկություններն իրացվեցին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։ 

Բագրատաշենի սահմանային անցակետում նրանք ենթարկվեցին մաքսային զննության։ Կենֆետի տուփում բացի կոնֆետներից «B8» գրառմամբ սուբուտեքսի 516 դեղահաբ կար։ Նույն օրը քրեական գործ հարուցվեց և տղամարդիկ որպես կասկածյալ ձերբակալվեցին, հայտնաբերվածն էլ ուղարկվեց փորձաքննության։

Դեկտեմբերի 24-ին տղամարդկանց մեղադրանք առաջադրվեց։ Նրանք դատարանի որոշմամբ կալանավորվեցին ու տեղափոխվեցին քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել կալանավորվածների բնակարաններում։ Հետագա գործողությունների համար առգրավվել են տարբեր իրեր։

Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Նոյյան տապան  -   Իրավունք