Ու՞ր կտանի Հայաստանին աղմկոտ գործը. Հայաստանը Ռուսաստանին «մաքրությու՞ն» է առաջարկում


Ու՞ր կտանի Հայաստանին աղմկոտ գործը. Հայաստանը Ռուսաստանին «մաքրությու՞ն» է առաջարկում

  • 28-12-2019 11:33:20   | Հայաստան  |  Վերլուծություն

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով առանձին քննություն սկսելու վերաբերյալ: Բախշյանն ասել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին պետության դեմ իրականացված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով փակված գործը վերաքննվելու է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես տուժող կողմ եւ ամեն ինչ կանի մեր պետության արտաքին թշնամիներին բացահայտելու համար՝ լինեն ներսից, թե դրսից:
 
Քանի որ գործը վերաբացվելու է պատվիրատուների մասով, կարելի է ենթադրել, թե ում ուղղությամբ կտարվեն սլաքները:
 
Քաղաքական գործիչների խոսքում հաճախ հնչել է միտքը, որ Ռուսաստանի հատուկ ծառայություները դրդապատճառ ունեին շոշափելի հարված հասցնելու Հայաստանին, որն իր սուվերեն իրավունքները նորովի իմաստավորելու փորձեր էր անում: Բայց ավելի տարածված է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության ու մոտիվացիայի վարկածը:
 
Նոր քննությունը  ո՞ր ուղղությամբ է ընթանալու: Այն, որ Հայաստանում բոլոր մեղքերը «հանգում են» Քոչարյանին, արդեն նշում են ոչ միայն երկրորդ նախագահի կողմնակիցները: Քոչարյանն ինքը ափսոսանք է հայտնել, որ իրեն չեն քննադատում իրապես քննադատության արժանի բաների համար: Ի՞նչ նկատի ունի: Միգուցե այն, որ կամա թե ակամա դարձել է բոլոր մեղքերի կենտրոնացումը, որոնք գալիս են Ռուսաստանի՞ց:
 
Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների գործով քննության վերսկսումը կարող է ուղերձ լինել Ռուսաստանին: Ինչպես նշում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայ-ռուսական հարաբերությունները պետք է ադապտացվեն նոր իրողություննեին: Նոր իրողությունները Հայաստանի ինքնիշխանացումն ու Ռուսաստանի հետ հորիզոնական հարաբերությունների կառուցումն են:
 
Բայց դրա համար պետք է մեծ «մաքրություն» անել բոլոր մութ անկյուններում՝ մարտի 1, հոկտեմբերի 27, ինչպես նաեւ 2015 թվականի հունվարի 12, երբ ռուս զինվորը Գյումրիում սպանեց հայ ընտանիքին:
 
Վերաբացելով հոկտեմբերի 27-ի պատվիրատուների գործի քննությունը՝ Հայաստանը քայլ է անում: Եվ այն, որ Պուտինը Նոր տարվա առիթով Ռոբերտ Քոչարյանին տոկունություն է մաղթել, կարող է վկայել, որ «մաքրության» ժամանակ կարող են զոհաբերություններ լինել:
 
2007 թվականի դեկտեմբերի 27-ին Հայկական ժամանակ թերթում տեղեկություն էր հրապարակվել, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ասել է՝ խորհրդարանում այդքան մարդ նրա համար չեն սպանել, որ հենց այնպես իշխանությունը հանձնեն ուրիշներին: Թերթը գրել էր, որ երբ Լոս Անջելեսում Սաշիկ Սարգսյանին հարցրել են՝ իրոք այպիսի բան է ասել, նա պատասխանել է, որ «էշ չի նման բան ասի, ինչու՞ պետք է Ռոբի մեղքերն իր վրա վերցնի»:
 
Սաշիկ Սարգսյանի որդուն Չեխիայից արտահանձնել են Հայաստանին: Նա, ինչպես գրում է մամուլը, 2 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսի տունը: Նրան կարո՞ղ են որպես վկա ներգրավել հոկտեմբերի 27-ի գործով եւ ու՞մ անունը կտա, եթե հարցնեն:
 
Հայ-ռուսական հարաբերությունները բարդ կլինի կառուցել, քանի դեռ պարզություն չկա հոկտեմբերի 27-ի հարցում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play