Իրանը դժգո՞հ է Պուտինից. տարօրինակ հայտարարություն Թեհրանում


Իրանը դժգո՞հ է Պուտինից. տարօրինակ հայտարարություն Թեհրանում

  • 08-01-2020 17:47:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Գեներալ Քասիմ Սոլեյմանին առանցքային ֆիգուր էր Մոսկվայի հետ գործակցության հարցում եւ մեծ հարգանքով էր վերաբերում ՌԴ նախագահ Պուտինին, գեներալի հուղարկավորության արարողությանն ունեցած ելույթում ասել էր Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վիլայեթին:
 
Ինչու՞ է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը հարկ համարել հիշատակել Պուտինին, նրա հանդեպ Սոլեյմանիի «մեծ հարգանքը»: Արդյոք իրանցի պաշտոնյան դրանով արտահայտել է Թեհրանի դժգոհությունը տեղի ունեցածի հանդեպ Ռուսաստանի, եւ մասնավորապես նախագահ Պուտինի վերաբերմունքի առումով:
 
Մոսկվան դատապարտել էր Սոլեյմանիի սպանությունը, սակայն Թեհրանն ըստ երեւույթին դա համարում է անբավարար եւ Ռուսաստանից ակնկալում է ավելին: Մինչդեռ Մոսկվան առայժմ զերծ է մնում դրանից, գերադասելով չդիրքավորվել որեւէ կողմում: ՌԴ նախագահը նախօրեին մեկնել էր Սիրիա՝ Սուրբ ծննդյան տոնին ռուս զինվորականներին շնորհավորելու առիթով, այնտեղ հանդիպելով Սիրիայի նախագահ Ասադին:
 
Թերեւս վստահաբար հնարավոր է ասել, որ Պուտինի այցը չէր լինի, եթե չլիներ Սոլեյմանիի սպանությունն ու դրա հետեւանքով ստեղծված նոր իրավիճակը: Այդ համատեքստում Պուտինի այցը Սիրիա եւ հայտարարությունը, թե այժմ հնարավոր է ասել, որ ահռելի տարածություն են անցել սիրիական պետականության եւ Սիրիայի տարածքային ամբողջության վերականգնման ճանապարհին:
 
Ինչու՞ է ՌԴ նախագահը շտապել Սիրիա եւ խոսել տարածքային ամբողջության ու պետականության վերականգնման ահռելի ճանապարհի մասին: Մի կողմից դա դիտվում է ուղերձ Նահանգներին՝ Սիրիայում անկայունության նոր ալիք թույլ չտալու հաստատակամության առնչությամբ: Մյուս կողմից, Պուտինի այցը Սիրիա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքի հետ, որ Սիրիայում իր էական դերն ուներ Իրանը, որն իրացնում էր հենց Սոլեյմանիի միջոցով: Ավելին, վերջին երկու-երեք տարիներին նկատելի էր, որ Ասադի իշխանությունը գործնականում ավելի հենվում է իրանական, քան ռուսական աջակցության վրա, ինչը դժգոհություն էր առաջացնում Ռուսաստանում:
 
Ըստ այդմ, Իրանի ստացած հարվածից հետո Պուտինի սիրիական այցի նպատակներից մեկը կարող էր լինել իրավիճակից օգտվելն ու ցույց տալը, թե ով է «տանտերը»:
 
Ռուսաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ըստ ամենայնի տեսնում է իր համար մերձավորարեւելյան խաղի «ազատված» տարածություն, որը շտապում է լրացնել: Թեհրանի հիշատակումը՝ Պուտինի հանդեպ Սոլեյմանիի տածած «մեծ հարգանքի» առումով, առնչվում է թերեւս այդ հանգամանքին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն