Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր փուլ իր բոլոր հարևանների համար. Ռուբեն Սաֆրաստյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր փուլ իր բոլոր հարևանների համար. Ռուբեն Սաֆրաստյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-01-2020 15:28:33   | Հայաստան  |  Քաղաքական



 
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտել է շատ վտանգավոր մի փուլ իր բոլոր հարևանների համար: 
 
Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում առաջած լարված իրավիճակին ու զարգացումներին: 
 
Ըստ նրա՝ Մերձևավոր Արևելքի հետ կապված Թուրքիան ունի իր հստակ ձևակերպած նպատակը, այն է՝ դառնալ տարածաշրջանային առումով առաջատար պետություն, որոշումներ ընդունող ուժային կենտրոն: 
 
«Եթե մենք նայում ենք այս տեսանկյունից, փորձում ենք հասկանալ Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում վերջին տարիներին, ապա տեսնում ենք, որ Թուրքիայի գործողությունները հենց այդ նպատակին էլ հասնում են»,- նկատեց Ռ. Սաֆրաստյանը: 
 
Նրա խոսքերով՝ ներկայումս ունենք այն, որ Թուրքիան իր զինված ուժերով ագրեսիա է իրականացրել և ներկայություն  ապահովել Հյուսիսային Սիրիայում՝ ըստ էության օկուպացնելով այդ հատվածում շուրջ 8000 քառակուսի կիլոմետր տարածք: 
 
«Թուրքիան չի զլանում օգտագործել իր զինված պոտենցիալը, որը բավական ուժեղ է, ինչը կրկնում եմ շատ վտանգավոր է: Ինչ վերաբերում է կոնկրետ Սիրիային, ապա Սիրիայում մենք տեսանք, որ հնարավոր եղավ թուրքերի և ռուսների միջև որոշակի համաձայնություն այս տարիների ընթացքում, որի արդյունքում կարծես թե այստեղ հարված հասցվեց Իսլամական պետությանը: Բայց այստեղ մնում է Իդլիբ նահանգի խնդիրը, որը կարևոր է և իմ կարծիքով՝ այն դեռևս չի գտել իր լուծումը ռուս-թուրքական բանակցություններում»,- ընդգծեց բանախոսը: 
 
Վերջինս անդրադառնալով  ԱՄՆ-Իրան հարաբերություններին՝ նշեց, որ այս պահին ավարտվել է ամերիկա-իրանյան հակամարտության առաջին տակտիկական փուլը, հաջորդ փուլը ռազմավարական հարթությունում է: 
 
Ռ. Սաֆրաստյանի փոխանցմամբ՝ ռազմավարական հարթությունում շատ կարևոր խնդիրներ են քննարկվելու, որոնցից է մեկն էլ այն է, որ Իրանը շատ հստակ դիրքորոշում ունի Մերձավոր Արևելքում ամերիկյան զինված ուժերի ներկայությանը վերջ տալու հետ կապված:  
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play