Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին դատավորը լրագրողներին արգելել է անգամ ձայնագրություն իրականացնել


Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին դատավորը լրագրողներին արգելել է անգամ ձայնագրություն իրականացնել

  • 16-01-2020 18:04:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի այսօր շարունակվեց «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի վերաբերյալ կաշառքի գործով դատական նիստը:
 
Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մայրերը, որոնք կորցրել են իրենց երեխաներին ու դրանում մեղադրում են Ռազմիկ Աբրահամյանին:
 
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կալանավորել Աբրահամյանին: Երբ Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան, լրագրողները փորձեցին երեխաների ապօրինի որդեգրման գործի հետ կապված հարցեր ուղղել նրան: Աբրահամյանը պնդեց այն, ինչ նախկինում ևս ասել էր. ծննդատները կապ չունեն երեխաների որդեգրման հետ: Հարցին՝ դուք հերքո՞ւմ եք, որ երեխաներին վաճառել եք, Աբրահամյանը պատասխանեց, որ իրեն ավելորդ հարցեր չտան: Դատական նիստի մեկնարկին Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը խնդրեց հստակեցնել, թե արդյոք լրագրողները կարո՞ղ են տեսանկարահանում և ձայնագրություն իրականացնել:
 
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ քննության այս փուլում, երբ դատարանում հետազոտվում են հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները, լրագրողները տեսանկարահանում և ձայնագրություն իրականացնել չեն կարող:
 
Լրագրողների դիտարկմանը, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում կարգ, որով նրանց կարգելվի դռնբաց քննվող դատական նիստը ձայնագրել, պնդումները, որ այդ արգելքով խոչընդոտվում է լրագրողների աշխատանքն, ապարդյուն անցան:
 
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Այսպես, Արսեն Դավթյանը, 2018 թվականի մայիսի 23-ից զբաղեցրել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը, մշտապես իրականացրել կազմակերպչական, տնօրինական, վարչատնտեսական գործառույթներ:
 
Որպես առողջապահության նախարարի տեղակալ՝ Դավթյանը լիազորված է եղել նաև իր համակարգած ոլորտի վերաբերյալ նախարարին ներկայացնել առաջարկներ: Դավթյանն առողջապահության նախարարի համապատասխան հրամանների համաձայն ի պաշտոնե համակարգել է նաև մոր և մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքներն ու առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները:
 
Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակատվածում, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը Դավթյանին առաջարկել է կաշառք՝ նյութական առավելություն ստանալու դիմաց, վերջինիս պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով իրեն ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր օգտին որոշակի գործողություն կատարելուն, այն է՝ նպաստել առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող իր ղեկավարած կազմակերպության՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» 2019 թվականի պետական ֆինանսավորումը 2018-ի բյուջեի համամատ հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թվականի ընթացքում ֆինասնավորման չափը ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարի չափը չնվազեցնելուն, աշխատավարձային և բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:
Ընդունելով Աբրահամյանի առաջարկը՝ Դավթյանն, ըստ մեղադրանքի, նրա օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել է նաև «Մանկաբարձական բժշկական օգնություն» ծառայությունների ծրագրի «հղիության պաթոլոգիայի» բաժնում Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը հնարավորինս քիչ՝ 240 մլն դրամի փոխարեն շուրջ 110 մլն դրամ կրճատելուն և միջոցներ ձեռնարկել կազմակերպության աշխատավարձային բոնուսային վարձատրության մասնաբաժինները պետական պատվերի շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն: Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի մարտի 30-ին Աբրահամյանը Դավթյանին վերջինիս աշխատասենյակում տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար: Այսպիսով` Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենքգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալը: Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play