Ֆրանսիայի նախագահը կհանձնվի՞ Թուրքիային ու Ադրբեջանին


Ֆրանսիայի նախագահը կհանձնվի՞ Թուրքիային ու Ադրբեջանին

  • 30-01-2020 12:15:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիահայ կազմակերպությունների ամենամյա հավաքի ընթացքում ունեցած ելույթում  հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաեւ, թե այդ խնդիրը մարդկային դրամա է, որը մեկուսացման մեջ է դնում այդ շրջանի բնակչությանը:
 
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը երկիմաստ է, մասնավորապես Եվրոպայի անվտանգության ճարտարապետության առումով վստահության առնչությամբ:
 
Ե՞րբ իրեն վստահ կզգա Էմանուել Մակրոնը Եվրոպայում: Երբ ավելի ամրապնդվի Ֆրանսիայի բարեկամ Հայաստանի ու Արցախի հաղթանա՞կը, պաշտպանունակությունն ու ըստ այդմ ռեգիոնալ անվտանգության համակարգի կառավարման արդյունավետությունը, թե՞ երբ այդ հաղթանակը հանձնվի Ադրբեջանին եւ Թուրքիային:
 
Եվրոպական անվտանգային ճարտարապետության վստահելիության մտահոգությունն ունեցող Ֆրանսիայի նախագահին Արցախի հարցում թերեւս պետք է մտահոգի մի բան՝ հայկական կողմի դիմադրունակությունն ու մրցունակությունը եւ այդ հարցում Ֆրանսիայի աջակցության ներուժի իրացումը: Այդ ներուժն առկա է, եւ դրա իրացումը լինելու է նաեւ խոշոր հաշվով Փարիզի էական ներդրումը ոչ միայն Հայաստանի անվտանգության միջավայրի ամրապնդմանը, եւ ոչ միայն եվրոպական անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, այլ նաեւ Ֆրանսիայի ռազմա-քաղաքական կշռի ծանրացմանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն