Ինչ ցուցակ կգլխավորի Հրայր Թովմասյանը. նա փաստի առաջ է


Ինչ ցուցակ կգլխավորի Հրայր Թովմասյանը. նա փաստի առաջ է

  • 30-01-2020 18:35:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հարցին ի պատասխան դժվարացել է ասել, թե վարչապետ Փաշինյանն ինչ ճանապարհ նկատի ուներ, ասելով, որ ՍԴ խնդիրը կհանգուցալուծվի շուտով: Միաժամանակ, ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը լրագրողներին ասել է, որ ձեւը կա, եւ Իմ քայլը խմբակցության ղեկավարը շուտով կհայտարարի այդ մասին: Ունի՞ կառավարող մեծամասնությունը հանգուցալուծման ժամկետի վերաբերյալ ամբողջական պատկերացում, թե ոչ, պարզ չէ:
 
Մի բան սակայն պարզ է, որ անկախ նրանից՝ ինչպիսին կլինի հանգուցալուծումն ու ինչ ժամկետում, Հրայր Թովմասյանը կլինի նախկին իշխող համակարգի առանցքային քաղաքական դեմքերից մեկը: Թովմասյանը հայտարարել է, որ չի զիջի խրամատը, չի նահանջի, քանի որ դրա համար իրեն չի հարգի ոչ ոք: Ինչ խոսք, հազիվ թե նա գնա «մահ կամ ՍԴ նախագահություն» կարգախոսի, բայց աննահանջ դիրքորոշումը նրան պարտավորեցնում է թերեւս մի բան՝ չթողնել քաղաքականությունը ՍԴ նախագահի պաշտոնը թողնելու պարագայում:
 
Հրայր Թովմասյանի սահմանած նշաձողը, այդ նշաձողի խթանման իշխանության քաղաքականությունը ՍԴ նախագահին զրկել է պաշտոնը թողնելու պարագայում քաղաքականությունն էլ թողնելու հնարավորությունից: Ավելին, Թովմասյանը թերեւս արդեն իսկ հայտնվել է պարտավորության կամ պարտադրվածության առաջ՝ ՍԴ «մարտում» պարտվելու դեպքում առավել եւս անցնել քաղաքական պայքարի:
 
Դա այն է, ինչ ուզու՞մ էր Հրայր Թովմասյանը, թե՞ այն, ինչից ավելի շատ վախենում էր եւ դրա համար էր իշխանությանն առաջարկում համատեղ կյանքի հեռանկար: Դժվար է ասել, բայց դա արդեն նշանակություն չունի՝ Հրայր Թովմասյանը փաստի առաջ է եւ ստիպված է լինելու հաշվի նստել դրա հետ: Թեեւ, եթե դա այն է, ինչ նա ուզում էր, ապա այդ փաստի հետ թերեւս հարկ կլինի հաշվի նստել արդեն քաղաքական դաշտի մյուս խաղացողներին, ընդ որում թե նախկին իշխող համակարգի որոշ թեւերի, թե նաեւ այսպես ասած «երրորդ ճանապարհի» կրող ուժերի, որոնք հայտնվել են նոր իշխանության ու նախկին համակարգի արանքում եւ ոչ մի կերպ չեն կարողանում դիրքավորվել դրանից վեր եւ հանրության հետ հարաբերվել արդյունավետ եւ մրցունակ քաղաքական նոր բովանդակությամբ:
 
Միեւնույն ժամանակ, նախկին համակարգի առնվազն ինչ որ մասի այդպիսի Հրայր Թովմասյան պետք է: Ի վերջո, այդ համակարգը ներկայում պայքարում է հաջորդ խորհրդարանում հնարավորինս մեծ տեղ ունենալու համար, դրա համար չխնայելով ոչինչ: Միեւնույն ժամանակ բաց է հարցը, թե ինչ ձեւաչափով է լինելու մասնակցությունը հաջորդ ընտրությանը, լինի արտահերթ, թե 2023 թվականի հերթական ընտրություն:
 
Հազիվ թե հնարավոր լինի կազմել մեկ ցուցակ: ՀՀԿ-ն օրինակ որեւէ կերպ չի զիջելու իր գերակայության հավակնությունը: Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ դեպքում ունենալու է իր ձեւաչափը: Հրայր Թովմասյանը հազիվ թե այնտեղ լինի: Իսկ կլինի ՀՀԿ-ու՞մ, թե՞ նախկին իշխող համակարգը կունենա նվազագույնը երեք ցուցակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն