Դեղին քարտ Հայաստանին. Իշխանությունը պատրա՞ստ է վճարել այդ գինը


Դեղին քարտ Հայաստանին. Իշխանությունը պատրա՞ստ է վճարել այդ գինը

  • 01-02-2020 12:03:59   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԽԽՎ Հայաստանի հարցի համազեկուցողներ Շուրցելն ու Կիլյունենը Հայաստանում կառավարության եւ ՍԴ միջեւ հակադրության կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը: Նրանք հայտարարել են այն մասին, որ իշխանության թեւերի հակակշռումը կարեւոր է ժողովրդավարության համար: Անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու վարքագծից, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշում դատական իշխանության վրա: Համազեկուցողները խոսում են բարեփոխումների անհրաժեշտության եւ դրանք չստվերելու կարեւորության մասին:
 
ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը նախազգուշացում է Հայաստանի իշխանությանը, որ իրավիճակն այդ առումով սահմանային է:
 
ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականը հրապարակվեց ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի հարցի քննարկման ֆոնին: ԵԽԽՎ-ն ընդունեց զեկույց Ադրբեջանի դեմ՝ այդ երկրում քաղբանտարկյալների, քաղաքական հետապնդումների առնչությամբ: Այդ զեկույցի քննարկմանը բուռն մասնակցություն էր ունեցել նաեւ հայկական պատվիրակությունը: Հայ պատվիրակները կոշտ քննադատության էին ենթարկել Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների վիճակը:
 
Անկասկած է, որ հայկական պատվիրակության ձայնն առավել հնչեղ է դարձրել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Միաժամանակ, ադրբեջանցիներն էլ փորձել էին այդ իրավիճակը շրջել իրենց օգտին, մատնացույց անելով, թե Հայաստանում էլ քաղաքական հետապնդում է տեղի ունենում նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
 
Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե ադրբեջանցիները Ռոբերտ Քոչարյանին ու Հրայր Թովմասյանին էին պաշտպանում: Այդ հայտարարությունը եթե չունի հանրության համար պատկերն ու իրավիճակը նենգափոխելու դիտավորություն, ապա արտահայտում է իրավիճակի քաղաքական գնահատականի անհամարժեքությունը:
 
Կարելի է օրինակ հայտարարել նաեւ, որ ԵԽԽՎ համազեկուցողներն էլ են պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին կամ Հրայր Թովմասյանին: Այդ հայտարարությունները կարող են փակել հարցերը Հայաստանի ներսում, բայց դրանք բաց են թողնելու Հայաստանից դուրս շոշափելի հարցեր:
 
Ի վերջո, Հայաստանի կառավարության, քաղաքական մեծամասնության առաջ հետհեղափոխական երկրորդ տարվա ավարտին առանցքային հարց է՝ Հայաստանն արտերկրի գործընկերների հետ աշխատանքում ինչ գին է վճարելու, կամ ինչ գին է պատրաստ վճարել օրինակ Հրայր Թովմասյանին ամեն գնով ՍԴ-ից հեռացնելու համար:
 
Որովհետեւ, ԵԽԽՎ համազեկուցողներն օրինակ հստակ ակնարկում են, որ ամեն գնով հեռացնելը անընդունելի է: Հայաստանը պատրա՞ստ է գնալ Եվրոպայի հետ այդ հարցում կոնֆլիկտի: Հաշվարկվա՞ծ է այդ կոնֆլիկտի հետեւանքը՝ լայն իմաստով, ընդհուպ Արցախի հարց, Ռուսաստանի հետ հարաբերություն, երբ այդ կոնֆլիկտից կարող են օգտվել Ադրբեջանը իր հերթին, Հայաստանի ինքնիշխանության հարցում մեծ դժկամություն ունեցող ռուսական իշխանական իսթեբլիշմենտի բազմաթիվ շրջանակներն իրենց հերթին:
 
Եթե Հայաստանի իշխանությունն ունի այդ քաղաքական հաշարկներն ու ըստ այդմ գնում է «պատերազմի» Եվրոպայի հետ, կամ պատրաստ է դրան, ապա այստեղ մնում է հաջողություն մաղթել: Բայց պետք է թերեւս արձանագրել մի կարեւոր բան՝ թե Հայաստանի հանրության, թե պետության ապագայի հանդեպ կոպտագույն բարոյա-քաղաքական սխալ կլինի վերջում ռիսկերը փորձել դուրս գրել Քոչարյանի կամ Թովմասյանի ադրբեջանական կամ եվրոպական «պաշտպանության» մասին հայտարարութուններով եւ Հայաստանի հանրության շրջանակում այդ ամենի հանդեպ վերաբերմունքի խաղարկումով:
 
Եթե կա հանգամանք, որ համանախագահները գործում են իրապես Հայաստանի նախկին իշխող համակարգի ուղիղ շահի եւ անգամ թելադրանքի շրջանակում, ապա այդ մասին պետք է հայտարարել նույնքան ուղիղ, փաստարկված, ու ըստ այդմ ձեւակերպել նրանց փոխելու պահանջ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն