Զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել ևս երկու համածառայակցի


Զինծառայողի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել ևս երկու համածառայակցի

  • 05-02-2020 18:25:42   | Հայաստան  |  Իրավունք

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խաչիկ Գրիգորյանին և Սպարտակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել:
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` տեղեկացնելով, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ
 
«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան»,- գրել է Հարությունյանը:
 
Ավելի վաղ, փետրվարի 4-ին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Դավիթ Մովսիսյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
 
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նրանք ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք