Կանաչ տնտեսությունից` մինչև արտադրողականություն. Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության օրակարգը


Կանաչ տնտեսությունից` մինչև արտադրողականություն. Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության օրակարգը

  • 07-02-2020 12:12:08   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: 
 
Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Նա համոզմունք է հայտնել, որ միջոցառումը կնպաստի  մեր երկրի ու տնտեսության նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը:
 
Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն ու գործողություններն՝ ընգծելով մասնավոր հատվածի հավասար մրցակցության և թափանցիկության կարևորությունը: 
 
«ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում շատ կարևոր է: Առանձնակի կարևորում ենք, որ Բանկը ուղիղ աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, քանի որ ՎԶԵԲ-ի ներկայությունը մասնավոր հատվածում միայն տնտեսական ներկայություն չէ, այն նաև տնտեսական մշակույթի չափորոշիչներն է սահմանում այդ ընկերությունների զարգացման համար: Այդ հատվածում առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր», - նշել է նախարարը: 
 
Տիգրան Խաչատրյանը կարևորել է նաև Բանկի միջնորդավորված ներկայությունը՝ Հայաստանի տնտեսական կյանքում նշանակալի համարելով Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման իրողությունը:
 
«Երևան ենք ժամանել շատ հատկանշանական ժամանակահատվածում. մեր 71 անդամները որոշում կայացրեցին հաջորդ հավաքն անցկացնել այստեղ: Սա երկուստեք հրաշալի հնարավորություն է, մասնավորապես՝ Հայաստանը կարող է ակնկալել միջազգային լսարանի ու ներդրողների հետաքրքրություն այս համատեքստում», - ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը։
 
Պիեր Հեյլբրոնն իր խոսքում անդրադարձել է ՎԶԵԲ-ի կողմից մշակվող երկրի ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանը  նշանակալի աշխատաքներ է տանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի կառավարության տնտեսական թիմի առաջնահերթություններից՝ հստակեցնելու հետագա համագործակցությունը:
 
Կողմերն այս համատեքստում քննարկել են կապիտալի շուկայի զարգացումը՝  որպես ենթակառուցվածք և մրցունակության բարձացման միջոց, որտեղ, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանը փոփոխությունների մեծ ներուժ ունի: Նախարարն այստեղ կարևորել է միջազգային փորձագիտական աջակցությունը:
 
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական զինվածության և արտադրողականության  բարձրացրման կարիքների վերաբերյալ՝ խրախուսելու այդ ուղղությամբ իրականացվող ներդրումները: Անդրադարձ է եղել «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակման խնդիրներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, վարքածային փոփոխությունների անհրաժեշտությանը: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play