Ինչ էր ասել նախագահը վարչապետին. փոքր հաղթանակը


Ինչ էր ասել նախագահը վարչապետին. փոքր հաղթանակը

  • 07-02-2020 18:25:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Կան փոքր հաղթանակներ, փետրվարի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում էլ քննարկել էին ՍԴ հարցը: Արմեն Սարգսյանը հայտնել էր, որ դրանից բացի արժե քննարկել իր մի քանի արտերկրյա այցեր, մասնավորապես Դավոս, Իսրայել, Պարսից ծոցի երկրներ: Ըստ նախագահի, դրանց ընթացքում տնտեսական քննարկումների արդյունքում կան մի քանի փոքր հաղթանակներ:
 
Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը առավոտյան հրապարակեց Ստեփանակերտի օգոստոսի 5-ին ելույթի համազգային կոնսենսուսի հատվածը՝ 6 կետեր: Որքանո՞վ էր վեցամսյա դադարից հետո այդ առաջարկի հիշեցումը պայմանավորված Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպումով, կամ հանդիպման ո՞ր մասով էր այն պայմանավորված:
 
Խորհրդարանում փետրվարի 6-ի երեկոյան ելույթի ընթացքում վարչապետը հայտարարեց, որ ուրախ է ՍԴ հարցը հանրաքվեով լուծելու առնչությամբ նախագահ Սարգսյանի հետ համակարծիք լինելու հանգամանքի առիթով:
 
Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպմանը քննարկված «փոքր հաղթանակների» հարցը, որ արարողակարգային մասում ազդարարել էր նախագահը, փաստորեն մնաց Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների ստվերում: Մինչդեռ, Արմեն Սարգսյանի հայտարարությունն արժանի է դիտարկման, առավել եւս, որ հնարավոր է անգամ փոխկապակցվածություն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի հանգուցալուծման քայլի հետ:
 
Նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շաբաթների ընթացքում եղել է տարբեր երկրներում եւ քննարկել թե տնտեսական, թե քաղաքական բնույթի հարցեր: Որտեղ եւ ինչ բովանդակություն ունեն փոքր հաղթանակները, մանրամասնված չէ, հավանաբար նաեւ դրանց չվնասելու համար, որովհետեւ Հայաստանը ներկայում ունի մեծ հաղթանակների անհրաժեշտություն:
 
Սահմանադրական դատարանի խնդրի հանգուցալուծումը նպաստելու՞ է այդ փոքր հաղթանակների մեծացմանն ու ամբողջացմանը: Հայաստանը հանրաքվեի բերումով թեւակոխելու է իշխանություն-«ընդդիմություն» դիմակայության մի նոր փուլ, որը մեծ հավանականությամբ կլինի բավականին թեժ՝ դատելով վարչապետ Փաշինյանի խորհրդարանական ելույթից:
 
Մյուս կողմից, հանրաքվեի այն արդյունքը, որը համարժեք կլինի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքին, Հայաստանում կստեղծի մի նոր իրավիճակ, երբ իշխանությունը մի կողմից կօժտվի հանրային աջակցության նոր ալիքով ու վստահությամբ, մյուս կողմից կզրկվի «սեւ-սպիտակը» խաղարկել շարունակելու բարոյական ու քաղաքական հիմքից: Համենայն դեպս, դա կլինի իշխանության համար մի կողմից էական հաղթանակ, մյուս կողմից՝ հեղափոխության էջը վերջապես փակելու եւ պրոֆեսիոնալ պետական կառավարման էջի վրա կենտրոնանալու պարտավորություն:
 
Թերեւս կասկած չկա, որ նախագահ Սարգսյանի մատնանշած փոքր հաղթանակները մեծացնելու եւ ամբողջացնելու հարցը էապես պայմանավորված է այդ հանգամանքից:
 
Հակոբ Բադալյան
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն