Մեկ տարի անց. Ինչով է Գերմանիա մեկնում վարչապետը


Մեկ տարի անց. Ինչով է Գերմանիա մեկնում վարչապետը

  • 11-02-2020 14:57:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 14-16-ը: Անվտանգային ամենամյա համաժողովը այդ ոլորտում համաշխարհային կարեւոր իրադարձություն է, որի շրջանակում քննարկվում են միջազգային կարեւորագույն հարցեր եւ զարգացման հեռանկարներ:
 
Մյունխենի համաժողովին Գերմանիան կներկայացնեն արտաքին գործերի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները: Արտգործնախարարի մակարդակով կներկայանան նաեւ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: ԱՄՆ կներկայանա նաեւ պաշտպանության նախարարի մակարդակով:
 
Հայաստանը Մյունխենի համաժողովին մասնակցելու է վարչապետի մակարդակով: Մինչ համաժողովը, Նիկոլ Փաշինյանը Բեռլինում կհանդիպի կանցլեր Մերկելի հետ: Փաշինյան-Մերկել հանդիպումը փաստորեն համաժողովի շրջանակում չէ, ինչով դառնում է ավելի նշանակալի: Դա վկայում է, որ կա խոսելիք թե Գերմանիայի կանցլերի, թե Հայաստանի վարչապետի համար:
 
Միեւնույն ժամանակ, հանդիպումը տեղի է ունենում 2019 թվականին Հայաստանի վարչապետի Գերմանիա կատարած առաջին պաշտոնական այցից մեկ տարի անց: Մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետը Գերմանիա էր մեկնել «ձիու վրա»՝ խորհրդարանի արտահերթ ընտրության հաղթանակից հետո:
 
Գերմանիայում Նիկոլ Փաշինյանն արժանացավ Անգելա Մերկելի քաղաքական տպավորիչ գնահատականներին: Այժմ Փաշինյանը մեկնում է մի իրավիճակում, երբ փորձում է հերթական անգամ «թամբել ձին»՝ Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ, որտեղ կոչ է արել հանրությանն «այո ասել հեղափոխությանը»:
 
Անկասկած է, որ ՍԴ եւ Հրայր Թովմասյանի խնդիրն այդ կոչի առիթ է, ոչ թե բուն շարժառիթ: Հնարավոր է, որ Փաշինյան-Մերկել հանդիպման օրակարգը կազմելու է կոչի բուն շարժառիթը, որը մեծ հավանականությամբ առնչվում է ոչ միայն ներհայաստանյան իրողություններին:
 
Մյունխենում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի ելույթն անվտանգության համաժողովի շրջանակում: Ինչպե՞ս կարտացոլվեն այդ խնդիրներն ու Մերկել-Փաշինյան հանդիպման օրակարգը ելույթում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն