Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը


Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը

  • 12-02-2020 10:42:48   | Հայաստան  |  Հասարակություն

Գյումրիի Մուշ թաղամասի բնակարաններից մեկն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին, զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը՝ տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության և համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսացող ծնողներն իրականացրել են որդու երազանքը:
 
«Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր. հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ: Դա մեզ պարտավորեցրեց, որ ուշքի գանք, կարգի բերենք մեր բնակարանը: Երազանքն ավելի շատ տղայինս էր, որ բարեկարգ բանկարանում բնակվի: Տան տերն ինքն էր լինելու, ուզում էր ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ իր նշանածին էր ասել: Ավաղ, իր երազանքը մենք միայն կարողացանք իրականություն դարձնել», – ասել է Մերուժանի հայրը՝ Արթուրը:
 
Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև տեղափոխվել նոր ստացած բնակարան: Բազմաթիվ դժվարություների միջով անցած ընտանիքին, տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել այն: Ավելի քան 3 տասնամյակ հետո միայն, խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:
 
Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր փոքրիկին անվանակոչել է զոհված եղբոր անունով: Նրա ներկայությունը սկսել է փոխել ընտանիքի կյանքը:
 
«Փոքր Մերուժի ծնվելուց հետո շատ բա փոխվեց. տան մեջ նորից հնչեց Մերուժ անունը: Նախքան թոռնիկիս ծնվելը, երբ դեռ չգիտեինք, որ երեխայի անունը Մերուժան է լինելու, ինձ երազ եկավ Մերուժն ու ասեց՝ մամ, չմտածես, ես ետ կգամ: Անպայման կգամ… փոքր Մերուժն այնքան ուժ տվեց մեզ, որ մենք կարողացանք այս տարի տոնածառ դնել: 3 տարի շարունակ, նոր տարվա՝ իր հուշերով ենք ապրել. տոնածառն ինք էր զարդարում: Այս տարի տոնածառը թողել ենք թոռնիկներիս՝ Մերուժանի ու Սամվելի հույսին: Իրանք շատ լավ զարդարեցին, հետո քանդեցին: Էս տարի, նոր բնակարանում կարծես փոքր-ինչ փոխվեց… երեխաներ շատ փոխեցին մեր կյանքը. առաջընթաց ունենք»,-ասել է հերոսի մայրը՝ Նունեն:
 
Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են բնակարանաշինության ծրագրով գործակցող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»:
 
«Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և ֆիզիկապես և հոգեպես»,-ասել է Արթուրը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play