Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ իրեն խաբե՞լ են. տարօրինակ հայտարարություն


Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ իրեն խաբե՞լ են. տարօրինակ հայտարարություն

  • 12-02-2020 12:20:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Վիկիլիքսի նյութերն ընթերցելով տպավորություն է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ավելի շատ տեղեկատվության է տիրապետել մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ, քան Հայաստանի ԱԱԾ-ն՝ միթե՞ դա հնարավոր է, դատարանում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փորձելով հիմնավորել քրեական գործի ամբողջ ծավալը ստանալու իր պաշտպանական թիմի պահանջը: Ռոբերտ Քոչարյանը կասկած է հայտնել, որ գործի ամբողջ ծավալում կան նյութեր, որոնք առնչվում են սպանություններին եւ գործի քննությունն այդ առումով կտանեն այլ տեղ, քան այն ընթացքը, որ կա ներկայում: Ռոբերտ Քոչարյանը տարակույս է հայտնել, որ կա ԱԱԾ-ից ընդամենը երկու թուղթ, այն դեպքում, երբ կառույցն այդ օրերին իրեն ամեն օր է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ զեկուցագրեր:
 
Ստացվում է հետաքրքիր պատկեր: Ռոբերտ Քոչարյանը հայտնում է առարկայական կասկած՝ կամ ԱԱԾ հանդեպ, կամ քննության: Ի՞նչ զեկուցագրեր է ներկայացրել ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ բովանդակությամբ: Ու՞ր են դրանք, փաստորեն հարցնում է Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ կա խնդիր՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ողջ չէ, նա մահացել է տարիներ առաջ, հիվանդության հետեւանքով: Բայց միթե Գորիկ Հակոբյանն էր այդ նյութերի միակ «պահոցը»: Դա առավել քան տարօրինակ կլիներ, ընդհանրապես, եթե պահողը մեկ անձ է:
 
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ խոսքը պետության ամենակայացած կառույցներից մեկի մասին է եւ զարմանք հայտնել, թե ինչպե՞ս կարող է այդ կարեւորագույն գործում կայացած կարեւորագույն կառույցից լինել ընդամենը երկու փաստաթուղթ:
 
Ու՞ր են մնացածը, եւ ի՞նչ զեկուցագրեր են ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին այդ օրերին, որոնց հիման վրա թերեւս կայացվել են կարեւոր որոշումներ: Քննությունը պահու՞մ է դրանք, թե՞ դրանք չի պահել ԱԱԾ-ն:
 
Այդ համատեքստում հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի «հղումը» Վիկիլիքսին: Նա կասկածում է, որ զեկուցագրերով ինչ որ մեկը «խաբե՞լ» է իրեն:
 
Դա հետաքրքիր է մեկ այլ հանգամանքի ֆոնին: Օրերս Իմ ձայնը նախաձեռնությունը տարածեց Վիկիլիքսում հրապարակված ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի նամակը Վաշինգտոն: Ժոզեֆ Փենինգտոնը դրանում նշում է, որ 2008 թվականի մարտի 1-ին Լեւոն Զուրաբյանը կապվել է եւ խնդրել միջնորդություն կառավարության հետ:
 
«Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։
 
Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ»:
 
Ինչու՞ է ընդհատվել ԱՄՆ դեսպանատան միջնորդությունը, որը կարող էր իրադարձությունների զարգացումը բախումնային-ողբերգականից տեղափոխել այլ հուն: Ո՞վ եւ ինչպե՞ս է ընդհատել դեսպանատան միջնորդական ջանքը՝ փաստորեն Տեր-Պետրոսյանի եւ նախագահի նստավայրի ուղիղ կապի միջոցով: Եվ ինչ է տեղի ունեցել այդ կապի ընթացքում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն