Բայդենը փոխել է Պուտինի որոշումը. հայկական հարցը հանգիստ չի տալու


Բայդենը փոխել է Պուտինի որոշումը. հայկական հարցը հանգիստ չի տալու

  • 11-03-2020 11:32:29   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ նախագահ Պուտինը, որ հունվարին հղած ամենամյա ուղերձում ազդարարել էր սահմանադրական փոփոխություն եւ ակնարկել իշխանության տարանցման հնարավոր գործընթացի մասին, կարծես թե փոխում է մտադրությունը: Նա հավանության է արժանացրել տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի առաջարկը՝ սահմանադրության փոփոխության համատեքստում զրոյացնել Պուտինի նաագահական նախկին ժամկետներն ու այդպիսով նրան դարձյալ առաջադրվելու հնարավորություն տալ:
 
ՌԴ նախագահն իհարկե մեծահոգաբար հղում է արել հանրության հավանությանն ու Սահմանադրական դատարանին, հիշատակելով, որ այդուհանդերձ չպետք է մոռանալ՝ Սահմանադրությունը ենթարկում են փոփոխության, բայց նոր Սահմանադրություն չէ, որ ընդունում են:
 
Միաժամանակ, ՌԴ նախագահը Պետդումայում իր ելույթում հետաքրքիր հղում է արել ամերիկյան փորձին, ասելով, որ ԱՄՆ պատմության մեջ օրինակ նախագահական երկու ժամկետի սահմանափակումը կիրառվել է միայն 1947 թվականից: Ընդ որում, նա հիշատակել է Ռուզվելտին, ով նախագահ է ընտրվել4 ժամկետ անընդմեջ: Պուտինը ասել է, թե դա պայմանավորված էր Մեծ դեպրեսիայով, տնտեսական վիճակը փոխելու հրամայականով, ներքին ճգնաժամով, նաեւ համաշխարհային պատերազմով, եւ առաջին պլանում այդ պարագայում պետք է լիներ կայունությունը:
 
Դե ֆակտո, Պուտինը նկարագրել է Ռուսաստանի ներկայիս իրավիճակը, ամերիկյան օրինակով հիմնավորելով, որ ինքն այդուհանդերձ ունի հինգերորդ առաջադրման բարոյական եւ քաղաքական իրավունք: ԱՄՆ օրինակին հղումն այստեղ հետաքրքիր է: Հազիվ թե այդ օրինակը հետաքրքրի կամ համոզի ռուսաստանցիներին : Պուտինը դա լավ գիտե:
 
Նրա օրինակը հենց ամերիկացիների համար է, բայց իհարկե ոչ շարքային ամերիկացիների, այլ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենտի, որը թեւակոխում է նախագահի համար պայքարի վճռորոշ փուլ:  Դեմոկրատական փրայմերիզը ավելի ու ավելի է ակնառու դարձնում Օբամայի փոխնախագահ Ջո Բայդենի առաջատարությունը, եւ մեծ հավանականությամբ, եթե չլինի որեւէ արտառոց զարգացում, աշնանը տեղի ունենալիք ընտրությանը նախագահ Թրամփի մրցակիցը կլինի հենց Ջո Բայդենը:
 
Այստեղ իրավիճակը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ հունվարին ակնարկելով իշխանության փոխանցման հնարավորության մասին, ՌԴ նախագահ Պուտինը կարծես թե առաջարկել էր գործարք՝ նոր աշխարհակարգի շուրջ քննարկումներ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների մասնակցությամբ: Պուտինն ըստ երեւույթին առաջարկում էր պայմանավորվել նոր աշխարհակարգի, դրանում ՌԴ դերի, այլ կերպ ասած նաեւ իր հետնախագահական երաշխիքների մասին, դրանից հետո համաձայնելով հեռանալ:
 
Օրերս ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը հավանության է արժանացնում հնգյակի Վեհաժողովի Պուտինի գաղափարը: Բայց, ստացվում է նաեւ, որ Պուտինն էլ փոխում է որոշումը կամ մտադրությունը, առնվազն ազդարարելով նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու հնարավորության մասին: Ամերիկյան օրինակն այդ առումով թերեւս հուշում է, որ Պուտինի որոշումը փոխել է Բայդենը, այսինքն նրա հաջողությունը դեմոկրատական փրայմերիզում: Եթե Բայդենը լուրջ մրցակցություն առաջադրի Թրամփին՝ հաղթելու հավանականությամբ, ապա Պուտինի համար հնարավոր է նոր աշխարհակարգի շուրջ նրա հետ պայմանավորվելը դառնա ավելի բարդ:
 
Ընդ որում, բարդ դառնա ԱՄՆ հետ պայմանավորվելն ընդհանրապես, նկատի ունենալով այն, որ պայքարն այդ դեպքում լինելու է գործնականում երկու կոշտ գործիչների՝ ամերիկյան քաղաքականության բազեների միջեւ, ինչպիսին դիրքավորվում է նաեւ Հանրապետական Թրամփը:
 
Բայդենն Օբամայի վարչակազմի բազեներից էր: Ընդ որում, այդ առումով հիշելու բան ունի նաեւ Հայաստանը: 2015 թվականին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, որը հայկական հարցի համատեքստում նշանակալի տարի էր նաեւ դրա շուրջ աշխարհքաղաքական դասավորումների առումով, Վաշինգտոնում մայիսին Բայդենը Սերժ Սարգսյանի հետ մասնակցել էր ԱՄՆ մայրաքաղաքի գլխավոր տաճարում ցեղասպանության 100 տարելիցի առիթով հոգեւոր արարողությանը:
 
Հայկական հարցը նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացում լինելու է հիմնարար նշանակության հարցերից մեկը, հատկապես Ռուսաստանի շրջանակում, նկատի ունենալով Թուրքիայի գործոնը: Առավել եւս, որ ակնառու է նաեւ հարցի քաղաքական աստիճանակարգի բարձրացումը Թրամփի նախագահության շրջանում, Կոնգրեսի զույգ պալատներում հայոց ցեղասպանության ճանաչմամբ: 2020 թվականին լրանում է ցեղասպանության 105-րդ տարելիցը եւ Սեւրի պայմանագրի 100-ամյակը: Հայկական հարցը ավելի ու ավելի է «անհանգստացնելու» Ռուսաստանին, եւ Բայդենի ներգրավվածությունն այդ առումով է նաեւ ազդակներից մեկը՝ որպես նոր մարտահրավեր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն