2,5 միլիարդը Հայաստանի ճգնաժամային զամբյուղում


2,5 միլիարդը Հայաստանի ճգնաժամային զամբյուղում

  • 12-03-2020 17:28:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Կորոնավիրուսը չի շրջանցի Հայաստանի տնտեսությունը, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Վարակի տնտեսական հետեւանքի հնարավորությունն այնքան ակնառու է, որ չի պահանջում պաշտոնական կամ մասնագիտական հավելյալ հայացք: Հավելյալ հայացք պահանջում է վնասի չափի գնահատումը: Նախարարը հայտնել է, որ դա կարվի, երբ կանցնի առողջապահական վտանգը:
 
Հայաստանում հաճախ է սկսել հնչել հարցը, թե կառավարությունն ինչ քայլեր ունի տնտեսական վնասների կանխարգելման, մեղմացման, կառավարման համար: Այստեղ իհարկե պատկերը հարաբերական է: Մի կողմից ակնհայտ է, որ պետք է հոգ տանել ամենատարբեր պահուստների մասին, ռազմավարական պաշարների մասին, թեեւ հազիվ թե իրատեսական է դիտարկել «խուլ պաշարման» անհրաժեշտությունը:
 
Մյուս կողմից, այլ տնտեսական քայլերի առումով իրավիճակը իսկապես բարդ է, որովհետեւ ի վերջո տնտեսական կորստի հաղթահարումը կամ կանխարգելումը կարող է լինել հենց նույն տնտեսության կարողության հաշվին: Հայաստանի տնտեսությունն այդ իմաստով բավականաչափ հզոր չէ:
 
Դրան զուգահեռ, նախորդ տարի Հայաստանը պետբյուջեի եկամուտների առումով հավաքագրել էր մոտ մեկ միլիարդ դոլար ավելի, ինչպես հայտարարել էր կառավարությունը: Կարո՞ղ է այդ մեկ միլիարդը լինել որոշակի «ռեզերվ»՝ տնտեսական անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում դիմադրունակությունը պահելու եւ տնտեսական էական անկում թույլ չտալու համար:
 
1 միլիարդ դոլարը Հայաստանի համար շոշափելի թիվ է: 2008-ի տնտեսական ճգնաժամի հարվածին օրինակ Հայաստանը փորձեց դիմակայել Ռուսաստանից վերցրած կես միլիարդ դոլար պարտքով: Այս դեպքում կարող է ստացվել, որ Հայաստանը կունենա իր ռեզերվը եւ որեւէ մեկին պարտք չի մնա:
 
Կասկածից վեր է, որ հետեւանքներ են լինելու: Դա անշուշտ կախված է ոչ միայն Հայաստանից: Այդ պայմաններում առաջ է գալիս մեկ այլ հարց, որն արդեն էապես կախված է Հայաստանից: Անվտանգության հարցը: Այդ համատեքստում ուշադրության է արժանանում մեկ այլ թիվ՝ 1,5 միլիարդ դոլար, որ այս օրերին շրջանառության մեջ է դրել վարչապետ Փաշինյանը: Դա քարոզչական հնա՞րք է, թե առկա իրավիճակից բխող ռացիոնալ դիտարկման բարձրաձայնում: Հնարավոր է՝ երկուսը մեկում:
 
Բանն այն է, որ տնտեսական համաշխարհային անբարենպաստ կոնյունկտուրան եւ մարտահրավերները հաղթահարելու հարցում առավել էական նշանակություն է ստանում անվտանգային միջավայրը, կայունության ժամանակն ու տարածությունը ընդլայնելու, կամ առնվազն դրա նվազում թույլ չտալու հանգամանքը: Իսկ Փաշինյանը խոսել է բանակի համար 1,5 միլիարդ դոլարի մասին, որն ըստ նրա պետք է վերադարձնի նախկին իշխող համակարգը:
 
Ներկայիս իրավիճակում այդ հանգամանքը ստանում է հակաճգնաժամային նշանակություն: Մյուս կողմից, նախկին համակարգն ակնհայտորեն մտադիր չէ անել դա, եւ ավելին՝ ակնկալում է դա չանելու հետեւանքով խորացնել կառավարման ներքին ճգնաժամ: Իհարկե ռացիոնալ չի թվա այդպիսով Փաշինյանին հեռացնելու ակնկալիքը, բայց այդ ճգնաժամի միջոցով նրան այսպես ասած երկխոսության եւ պայմանավորվածության բերելու հեռանկարը նախկին համակարգին կարող է թվալ իրատեսական:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն