ՀՀ քաղաքացին Իրանից բերած թմրանյութը կուլ տալով թաքցրել է, այնուհետ պնդել, թե ԱԱԾ աշխատակիցները ստում են. ՔԿ


ՀՀ քաղաքացին Իրանից բերած թմրանյութը կուլ տալով թաքցրել է, այնուհետ պնդել, թե ԱԱԾ աշխատակիցները ստում են. ՔԿ

  • 13-03-2020 12:00:38   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում: 
 
ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, ինչի արդյունքում հաստատվել է նրա մարմնում (հաստ աղիում) գլանաձև իրի առկայությունը, որից հետո վերջինս խոստովանել է իր մոտ հայտնաբերված գլանաձև իրի մեջ թմրանյութի առկայության հանգամանքը և խնդրել բժշկական միջամտությամբ այն իր մարմնից հանել:
 
Այդ նպատակով նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացին, առանց բժշկական միջամտության, անձամբ հանել է թմրամիջոցը և ներկայացրել իրավապահներին, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
 
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով նշված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Սակայն նախաքննության ընթացքում հիշյալ անձը հայտարարել է, որ իր մոտ թմրամիջոց չի եղել, հայտնաբերված թմրամիջոցն իր հետ առնչություն չունի, իսկ անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների:
 
Նրա այդ հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, իսկ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ:
 
Նշված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք