Հայաստանը նախկինը չէ. Զախարովան Բաքվին հիշեցրել է ամերիկյան պատիժը


Հայաստանը նախկինը չէ. Զախարովան Բաքվին հիշեցրել է ամերիկյան պատիժը

  • 13-03-2020 14:08:29   | Հայաստան  |  Վերլուծություն

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ հարցին: Նա մտահոգություն է հայտնել վերջին օրերի լարվածության առիթով եւ կոչ արել կողմերին ձետնպահ մնալ ուժի կիրառումից, աշխուժացնել բանակցությունը, «որն ուղղված է քաղաքական միջոցներով կարգավորման ձեռքբերմանը»:
 
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը փաստացի հայտարարել է, որ այսպես կոչված բանակցային սեղանին գոյություն չունի կարգավորման որեւէ տարբերակ, եւ քննարկման առարկան գործնականում հենց քաղաքական կարգավորման միջոցների փնտրտուքն է:
 
Զախարովայի հայտարարությունը ակնարկ է Ադրբեջանին, քաղաքական կարգավորման այն միջոցների մասին, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո օրակարգ բերեց Վաշինգտոնը: Խոսքը հրադադարի պահպանման եւ միջազգային հետաքննության մեխանիզմի տեղակայման մասին է: Ադրբեջանը մերժեց այդ օրակարգը, հայտարարելով, որ դա գործնականում ստատուս-քվոն ճանաչելու առաջարկ է: Գնահատական, որի հարցում Բաքուն լիովին իրավացի է՝ Վիեննայի օրակարգը դե ֆակտո ստատուս-քվոյի ճանաչման առնվազն մի փուլ է, նաեւ Արցախի սուբյեկտության ճանաչման փուլ:
 
Ադրբեջանին այդ փաստի առաջ կանգնեցրին ապրիլյան ագրեսիայից հետո, որպես փաստացի պատիժ: Պատիժ, որից Բաքուն կարողացավ խուսափել, մի շարք հանգամանքների բերումով, որոնց հիմքում առանցքայինն անշուշտ այն էր, որ Հայաստանում կար հանրային լեգիտիմությունից զուրկ, խոցելի համակարգ, որն ի վիճակի չէր կապիտալիզացնել հայկական զինուժի եւ հանրության ռազմական հաջողությունը, որ արձանագրվեց ապրիլյան քառօրյայում՝ կասեցնելով տարիներ շարունակ ռեգիոնալ բալանսի լրջագույն խախտմամբ նախաձեռնված ու պատրաստված ռուս-թուրքական գրոհը:
 
Բաքվին պատժից խուսափելու հարցում աջակցություն ցուցաբերեց Մոսկվան: Մոսկվայի համար անընդունելի էր Բաքվի հանդեպ առաջարկվող ամերիկյան պատժատեսակը, որովհետեւ դրանով Ռուսաստանը զրկվում էր կոնֆլիկտի կառավարման մենաշնորհից կամ գերիշխող դիրքից:
 
Ռուսաստանն օգնեց Ադրբեջանին, օգտագործելով նաեւ Հայաստանի իշխող համակարգի ոչ լեգիտիմությունն ու դրա շնորհիվ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը: Ռուսաստանը Հայաստանի իշխանությանը ստիպեց հրաժարվել Վիեննայի օրակարգից: 2017-ի հոկտեմբերին Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպմանն այդ օրակարգը գործնականում այլեւս չէր հիշատակվում:
 
Օրերս Նախիջեւանից ադրբեջանական կրակոցներին Հայաստանի արտգործնախարարությունը կոշտ արձագանք տվեց, որտեղ ընդգծվում էր մեխանիզմների տեղակայման անհրաժեշտությունը:
 
Զախարովան Բաքվին հիշեցնում է դա, խոսելով քաղաքական կարգավորման միջոցների մասին եւ ակնարկելով, որ, եթե Ադրբեջանը շարունակի կրակել, ապա Ռուսաստանը չի կարող նախկինի պես զսպել Վիեննայի օրակարգի ներդրումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն