Երեւանում բացվեց Գրքի 7-րդ միջազգային տոնավաճառը


Երեւանում բացվեց Գրքի 7-րդ միջազգային տոնավաճառը

  • 21-04-2011 17:07:27   | Հայաստան  |  Մշակույթ
Երեւան 2012 - «Գրքի միջազգային մայրաքաղաք» եւ «Համազգային վերադարձ դեպի գիրք» ծրագրերի շրջանակներում ապրիլի 21-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկապատանեկան գրադարանում բացվեց Գրքի երեւանյան VII ցուցահանդես-վաճառքը։ Տոնավաճառի օրերին Հայաստանյան 50 հրատարակիչների կողմից հանրության դատին կհանձնվեն շուրջ 2 հազար անուն գիրք, կկազմակերպվեն նոր գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաեւ տարաբնույթ միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ պետությունը պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի գրողը կարողանա տպագրել իր գրքերը, միաժամանակ օգնի, որպեսզի գիրքը հասնի ընթերցողին: «Պետք է խթանել տպագրման ամբողջ գործընթացը, եւ այդպիսի խթան են հանդիսանում նաեւ նմանատիպ ցուցահանդեսները»,- ասաց նախարարը, մաժամանակ նշելով, որ նախարարությունը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հայ գրատպության 500-ամյակը հավուր պատշաճի տոնվի: Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշեց, որ այս անգամ տոնավաճառն իսկապես կրում է միջազգային բնույթ, քանի որ մասնակցում են նաեւ Լիբանանի հրատարակչություններ ու ՀՀ-ում Իրանի դեսպանատունը: «Սա գիրքը քարոզելու եւս մի քայլ է»,- ասաց գրադարանի տնօրենը, հավելելով, որ այսօր երեխաների ու պատանիների շրջանում հետաքրքրություն կա գրքի նկատմամբ: Ըստ նրա, առաջիկայում արտերկրում սպասվում են մի շարք միջազգային տոնավաճառներ, որոնց մասնակցելու է նաեւ Հայաստանը: Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի խոսքերով, հայ ժողովրդի գոյատեւման հիմնասյունը` գիրքն է: Նա տեղեկացրեց, որ ասոցիացիան գրքեր ու ամսագրեր է հրատարակում դպրոցահասակ երեխաների համար, սակայն առկա է դրանք մարզեր հասցնելու խնդիր: Ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց Գագիկ Բունիաթյանի «Հայոց այբուբենի թագադրումը» գրքի շնորհանդեսը։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 23-ը։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play