Թրամփը փակեց Ամերիկան. Պուտինը ինքնամեկուսացվել է թագավարակով


Թրամփը փակեց Ամերիկան. Պուտինը ինքնամեկուսացվել է թագավարակով

  • 14-03-2020 13:38:02   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: Այդ քայլն արվել է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության նպատակով: Ավելի վաղ Թրամփը «փակել» էր ԱՄՆ-ն Եվրոպայի համար, որը ներկայում դիտարկվում է վարակի գլխավոր օջախ, այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարեց իր մոտ համաճարակի կանխման մասին եւ ցուցադրաբար հանեց դիմակը:
 
Կորոնավիրուսը  «շախմատ» է խաղում աշխարհում, խաղատախտակի վրա շարժելով ֆիգուրները: Չինաստանը հայտարարեց, թե վարակի համար կասկածում է ԱՄՆ-ին, որի զինվորականները կարող էին չինական Ուհան տանել վարակը: Համաճարակը սկսվեց Ուհանից: Միաժամանակ, Պեկինն արդեն պայքարի հաջող փորձ ունեցող բժշկական խմբեր է արտահանում կորոնավիրուսի վարակի ամենամեծ եւ բարդ տարածում ունեցող երկրներ:
 
Կորոնավիրուսը, ինչպիսի ծագում էլ այն ունենա, արդեն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական «սուբյեկտություն»:
 
Ադ համատեքստում տպավորություն է, որ Չինաստանը ոչ միայն կորոնավիրուսին է հաղթել, այլ առայժմ հաղթում է նույնիսկ աշխարհին: Որովհետեւ, եթե իրավիճակը դիտարկենք չինական պաշտոնական կասկածի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ Պեկինին ենթադրյալ հարվածն իրականում ամենամեծ հետեւանքը թողնում է Հին աշխարհամասի՝ Եվրոպայի վրա:
 
Եվրամիությունը դժգոհություն էր հայտնել օդային հաղորդակցությունը փակելու Թրամփի որոշումից, կարծես թե այդպիսով մատնելով որոշակի մենակության զգացումը:
 
Առերեւույթ հանգիստ է թվում Ռուսաստանը, որտեղ նույնիսկ զբաղված են Պուտինի ցմահ նախագահության, իսկ դե ֆակտո թագավորության «սահմանադրական մեխանիզմի» ձեւակերպման հարցերով: Միաժամանակ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ 2024 թվականից հետո Պուտինի նախագահական ժամկետը զրոյացնելու եւ այդ պաշտոնում նրա կրկին առաջադրվելու հարցը կախված է մի շարք հանգամանքներից: Հետաքրքիր է, որ դրանց թվում Պեսկովը նշել էր նաեւ կորոնավիրուսի հարցը: Հետաքրքիր է այն առումով, որ խոսքը 2024 թվականին առաջադրվելու մասին է, ըստ այդմ հարց է առաջանում՝ Կրեմլը պատկերացնում է, որ կորոնավիրուսի խնդիրը արդիական է լինելու մինչ այդ ժամանա՞կ: Թե՞ կորոնավիրուսը, որի բառացի թարգմանությունը ստանում է այս դեպքում բավականին նուրբ քաղաքական համատեքստ, արդիական չի լինի մինչ այդ ժամկետ, սակայն մինչ արդիականությունը կորցնելը կստեղծի համաշխարհային շախմատային մեծ խաղատախտակի լրիվ նոր դասավորություն, որից էլ կախված կլինի Պուտինի մնալ-չմնալը:
 
Այլ կերպ ասած՝ բառացի թարգմանության համատեքստով, Պուտինը նախագահի պաշտոնում «ինքնամեկուսանում» է թագավարակով, այսինքն կորոնավիրուսը պայմանավորելու է ՌԴ-ում Պուտինի թագակիր լինելը, ինչը ռուսաստանցիները դիտարկում են իբրեւ իշխանատենչության վարակ:
 
Բանն այն է, որ այստեղ խնդիրը լոկ ռուսական չէ, այլ համաշխարհային: Ռուսաստանը տարածություն եւ սուբյեկտ է գործնականում ԱՄՆ ու Չինաստանի արանքում, որոնք կարծես թե առայժմ քաղաքական մակարդակով կառավարում են «վարակի պարահանդեսը» համաշխարհային տնտեսա-քաղաքական պայքարի մակարդակում: Այդ ընթացքում, մարտի 14-ի տեղեկությամբ ԱՄՆ-ից Հայաստան է հասել կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ տարբեր պարագաների առաջին խմբաքանակը՝ 1 տոննա: Կազմակերպել են Հայաստան հիմնադրամը, Հայ դատի հանձնախումբը, Հայ օգնության միությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն