Զորավարժություն «Իդլիբի սցենարով». Ինչի է պատրաստվում Բաքուն


Զորավարժություն «Իդլիբի սցենարով». Ինչի է պատրաստվում Բաքուն

  • 17-03-2020 09:33:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանը զորավարժություն է անցկացրել Սիրիայում Թուրքիայի փորձն ուսումնասիրելու համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում «դրոնների երամին», որի օգնությամբ Թուրքիան իբր ամբողջ աշխարհին վախեցրել է Իդլիբում: Ադրբեջանը շարունակել է դրոններ գնել Թուրքիայից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
 
Ադրբեջանի իրավիճակն աննախանձելի է նավթի գնի անկումից հետո: Չնայած այդ երկրի ղեկավարությունը հայտնում է պլան Բ և Գ ունենալու մասին, ակնհայտ է, որ Ադրբեջանը հազիվ թե դիմանա նավթի այսքան ցածր գներին: Առավել եւս, եթե նաեւ պատժամիջոցներ լինեն:
 
Ալիեւը հայտարարել է, որ իրենց հնարավոր չէ վախեցնել պատժամիջոցներով: Նա խոստովանել է, որ եվրոպական կառույցները դժգոհ են Ադրբեջանում ընտրություններից՝ նշելով, որ չի հավատում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին եւ Եվրախորհրդարանին: Ըստ երեւույթին, այս կառույցները Բաքվին սպառնացել են լուրջ պատժամիջոցներով: Ի պատասխան՝ Ալիեւն իր խորհրդարանի ամբիոնից տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ:
 
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների առկա խիստ ցածր չափանիշները լրջորեն խոչընդոտում են ԼՂ խաղաղ գործընթացի առաջմղմանը, մասնավորապես այդ գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»:
 
«Սեփական լեգիտիմությունը հարևան ժողովրդի հանդեպ ատելության և միջազգային համայնքի հանդեպ անվստահության վրա կառուցելու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության փորձերն անպատասխանատու են և կարող են վտանգել տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը», – ասել է նա:
 
Ի՞նչ է Ադրբեջանը սովորում Թուրքիայից: Բաքվում մտածում են, որ դրոնների օգնությամբ կարո՞ղ են պահպանել երկիրը, եթե աշխարհակարգի վերանայման գործընթաց սկսվի:
 
Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի 99-ամյակի օրը, Հայաստանում մի շարք կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ կոչ են արել դատապարտել ու չեղարկել այդ պայմանագիրը: Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունեցել, իսկ հայկական կուսակցությունները պահանջում են Սահմանադրության նախաբանում դրույթ ներառել, որը կարող է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար ճանապարհ բացել:
 
Ինչի՞ն է Ալիեւը նախապատրաստում իր ժողովրդին: Նախիջեւանի պաշտպանությա՞նը, եթե ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկվի, եւ Նախիջեւանը վերադարձվի տիրոջը՝ Հայաստանին:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն