Մեղադրանք է առաջադրվել՝ հավաքին համագյուղացու մասնակցությանը խոչընդոտելու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ հավաքին համագյուղացու մասնակցությանը խոչընդոտելու համար

  • 18-03-2020 10:28:11   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոչընդոտել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելուն ուղղված համագյուղացիների օրինական հավաքների անցկացմանը, որի ժամանակ՝ 2018թ. հուլիս ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արշալույս գյուղում գտնվող, իրեն պատկանող խանութի մոտ բռնության գործադրման սպառնալիքով, համագյուղացուն արգելել է մասնակցել համայնքի ղեկավարի հրաժարականին հասնելու պահանջով իրականացվող օրինական հավաքներին, որի հետևանքով խաթարվել է համագյուղացու՝ օրինական հավաքներին մասնակցելու իրավունքը, և նա զրկվել է այդ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացումից:  
 
Բավարար ապացույցների համակցությամբ Արշալույս գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
 
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք