Ինչ է ասել Նուբար Աֆեյանն Արմեն Սարգսյանին


Ինչ է ասել Նուբար Աֆեյանն Արմեն Սարգսյանին

  • 23-03-2020 09:30:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հետ, որի հիմնած եւ ղեկավարած ընկերությունը ԱՄՆ կառավարության պատվերով մշակել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ եւ արդեն սկսել է դրա փորձարկումը կամավորների վրա:
 
Նուբար Աֆեյանը օրերս փորձարկումը սկսելուց առաջ տված հարցազրույցում ասել էր, որ արդեն երեք տարի ԱՄՆ առողջապահական կառույցների հետ մեկտեղ իրենց ընկերությունը զբաղվում էր կորոնավիրուսի հին տեսակների հետազոտությամբ, եւ երբ ստացվել է նոր վարակի դեմ պատվաստանյութի պատվերը ԱՄՆ կառավարությունից, իրենք տեխնոլոգիապես պատրաստ են եղել դրան:
 
Հանգամանքը, որ ընկերությունը երեք տարի զբաղված է եղել հին տիպի կորոնավիրուսի ուսումնասիրությամբ, իսկապես հետաքրքիր է: Նուբար Աֆեյանը նաեւ հայտնել էր, որ մարդկությունն ի վերջո պետք է ադապտացվի նոր տիպի կորոնավիրուսի ուղեկցությամբ ապրելուն, ինչպես ադապտացվել է մնացյալ բոլոր վարակների տեսակներին:
 
Նուբար Աֆեյանի հետ Արմեն Սարգսյանի հեռախոսազրույցի փաստը անշուշտ հետաքրքիր է: Հնարավոր է, որ հայազգի գործարարի հարցազրույցը հարցեր է առաջացրել նաեւ նախագահ Սարգսյանի համար, ինչի վերաբերյալ էլ նա փորձել է պատասխան ստանալ առաջին ձեռքից:
 
Միեւնույն ժամանակ, Նուբար Աֆեյանը կարող է համաշխարհային գործընթացին էապես հղորդակից դարձնել նաեւ Հայաստանին: Այդ իմաստով նշանակալի է նրա եւ պաշտոնական Երեւանի առարկայական հաղորդակցության հանգամանքը:
 
Կրոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաեւ դրանով ստեղծվող համաշխարհային ճգնաժամի հետեւանքի դեմ պայքարում Հայաստանը կենսունակ կարող է լինել առավելապես համահայկական ռեսուրսի գործադրումով: Կորոնավիրուսը էապես փոխել է աշխարհքաղաքականության իրագործման համատեքստը, եւ պատվաստանյութի գործոնն այստեղ ձեռք է բերել ոչ միայն առողջապահական նշանակություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն