Սա պետք է սթափեցնող ազդակ լինի հայ-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման, վերարժեքավորման համար. Արման Բաբաջանյանը՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող աջակցությունը դադարեցնելու մասին


Սա պետք է սթափեցնող ազդակ լինի հայ-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման, վերարժեքավորման համար. Արման Բաբաջանյանը՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող աջակցությունը դադարեցնելու մասին

  • 23-03-2020 11:03:10   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որը ավանդաբար ուղղվում էր ականազերծման աշխատանքներին: Նման աջակցություն ԱՄՆ-ը Արցախին հատկացնում էր 1990-ականների սկզբից ի վեր, արդեն շուրջ երեք տասնամյակ, և այդ աջակցությունը չէր դադարել որևէ պարագայում՝ ոչ կախված Հայաստանում քաղաքական վայրիվերումների ու իշխանության ավտորիտար բնույթից, ոչ էլ, առավել ևս, ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքի արդյունքում:
 
Եվ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ հատկապես հիմա, երբ Հայաստանում հաստատված է ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն, իսկ ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքը նույնն է, ինչ նախկինում:
 
ԱՄՆ կառավարության այս որոշումն ունի ինչպես խորքային, այնպես էլ համեմատաբար մակերեսային պատճառներ: Խորքային պատճառների թվում ամենաէականն այն է, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չկարողացավ գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս էլ ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Խորքային մյուս պատճառների թվում պետք է առանձնացնել ռուսական ռազմական կոնտինգենտի մանդատի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի իշխանության որոշումը, որի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հայտնեցին իրենց տարակուսանքն ու վրդովմունքը: Լայն իմաստով, Արցախին աջակցության հատկացման դադարեցումը հենց Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու պատասխանն է ԱՄՆ-ի կողմից:
 
Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման վրա բնականաբար ազդել են նաև երկու հայկական պետությունների կողմից տարբեր առիթներով հնչած ոչ համարժեք հայտարարությունները, ինչպես, օրինակ, իրանցի բարձրաստիճան զինվորական Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ին ուղղված կոպիտ մեղադրանքը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած Հայաստանի ղեկավարն է:
Այս բոլոր գործոնները առանձին-առանձին և ամբողջության մեջ էապես ազդել են հայ-ամերիկյան հարաբերությունների ձևի ու բովանդակության վրա, ինչի արտահայտություններից մեկն էլ ԱՄՆ-ին հատկացվող աջակցության դադարեցման մասին ամերիկյան որոշումն էր: Սա պետք է սթափեցնող ազդակ լինի Հայաստանի իշխանության համար՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման, վերարժեքավորման, դրանք նոր բովանդակությամբ ու նախաձեռնություններով լցնելու առումով:
 
Մենք պետք է դադարենք առաջնորդվել այն մտակաղապարներով, որ միայն ԱՄՆ-ն է պարտավոր աջակցել Հայաստանին, մենք պետք է ամերիկյան կողմին ներկայացնենք, թե ինչով ենք մենք պատրաստ հետաքրքիր լինել Նահանգների համար: Այլապես առաջիկայում էլ մենք կարող է ականատես լինենք ամերիկյան կողմից ոչ հայամետ քայլերի: Իսկ այդ հարցում ադրբեջանական ու թուրքական լոբբիներին մեղադրելը սոսկ մխիթարություն է և որևէ կապ չունի գործնական քաղաքականության հետ»:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play