Այս «Կորոնա» կոչված վիրուսի մեջ էլ բարիք պիտի գտնել. Մնացական Հարությունյան


Այս «Կորոնա» կոչված վիրուսի մեջ էլ բարիք պիտի գտնել. Մնացական Հարությունյան

  • 25-03-2020 18:31:30   | Հայաստան  |  Վերլուծություն

ՆՍՏԵԼ ՏԱՆԸ ՈՒ ՓԻՔՐ ԱՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆԸ
 
Չիք չարիք, առանց բարիքի:
Այս «Կորոնա» կոչված վիրուսի մեջ էլ բարիք պիտի գտնել; Հիմա մեզ արգելում եմ տնից դուրս գալ:Իսկ ինչո՞ւ էինք տնից դուրս գալիս;Նշանակում է տանը չէինք գտնում այն ամենը, ինչ մեզ հարկավոր էր, դրսում, ուրիշի մոտ էին դրանք, պիտի գնայինք խնդրեինք, եթե չտային՝ համոզեինք, եթե չհամոզվեին՝ սպառնայինք, եթե դա էլ չազդեր, գործողությունների դիմեինք: Արդյունք չտար, մարդ մեջ գցեինք, օգնության կանչեինք ընկերներին, բարեկամներին, ազգակիցներին, հարևաններին, ծանոթներին, մի խոսքով տեղական և միջազգային հանրային կարծիքներին; Այդ ամենից հետո էլ դեռ հայտնի չէր մի բան կստացվեր, թե՝ոչ, վերջում ուրախացած կամ դատարկաձեռն՝ հուսահատ, չարացած, նվաստացած տուն կվերադառնայինք ու ինչպես կլասիկը կասեր՝« Փիքր կանեինք աշխարհի բանը»; Դե հիմա հազիվ հնարավորություն է ստեղծվել նստել տանը ու «Փիքր անել աշխարհի բանը»: Հիմա արդեն իսկապես հնարավորություն է ստեղծվել աշխարհը ճանաչելուց հետո նստել տանը և սկսել ինքդ քեզ ճանաչել, ճանաչել քո ուժեղ ու թույլ կողմերը, ընդունակությունները և կարողությունները: Այլևս ուրիշի, դրսի վրա հույսեր չդնել, քո մեջ , քո տանը գտնել, բեղել, հետախուզել, հայտնաբերել այն, ինչ դրսում էիր նույնն անում, քո տունը քո ամրոցն է, դու ես այդ ամրոցի տիրակալը, դու ես թագավորը քո տան: «Կորոնա» վիրուսն էլ հենց թագի վիրուսն է; Ահա սա է «Կորոնա» վիրուս չարիքի իմաստը, բարիքը: Սակայն այս բարիքն էլ իր չարիքն ունի, հերիք չէ ահուսարսափի մեջ ես, ատոմայինից ավելի սարսափած են շուրջբոլոր, մեզ նստեցրել են մեր տներ, ստիպում դուրս չգալ, չտեսնել ինչ է կատարվում մեր շուրջը, չիմանալ՝ ով սաղ է, ով մեռած, ով կուշտ է, ով սոված, ում հետ ընկերություն անես, ում ջրաղացին ջուր լցնես, ում հետ նարդի խաղաս, ում հացին վայիս չդառնաս, ում գեղեցկությամբ չհիանաս, ում կնոջ, ում հարստության, մալումուլքի վրա աչք չունենաս, ում պատիվ տաս և ումից պատիվ առնես, ում հավին քշա չանես, ում շանը շան որդի չասես, ում ձայն տաս, ում ձայնից զրկես, ում նվագի տակ պարես, ում մեռելի վրա լացես; Այսպես կույր-կույր, անորոշ, անհաստատ, չկողմորոշված կյանքով ինչքա՞ն պիտի ապրես կամ իմաստ ունի՞ ապրելը: Այսքանից հետո գնա նստի տանը և սպասիր, թե երբ է գալու վիրուսը, որ դրա հետ կռվի մտնես քո իմունիտետի ողջ ներուժով, քո երկրի առողջապահական համակարգի զորությամբ, քո վարչապետից ստացած դուխովը, քո վերջին խնայողություններով, հոգեպահուստներով, խմամի-ծանոթ-բարեկամ եռամիասնությամբ; Գուցե չարժի տրվել
այս գայթակղություններին և նստել թախտին, սպասել բախտին: Ճիշտ են ասում՝ չկա չարիք առանց բարիքի և հակառակը; Ոնց էլ գցում-բռնում եմ՝ չկա կյանք՝ առանց վիրուսի:
Շարունակելի: Եթե կուզեք ինքներդ շարունակեք:
 
Հրազդան TV հիմնադիր-տնօրեն 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն