Էրդողանը կարող է փորձանքի մեջ գցել Ալիեւին. Բաքուն համաձայնել է «տանը հանգիստ նստելու» ՌԴ հորդորին


Էրդողանը կարող է փորձանքի մեջ գցել Ալիեւին. Բաքուն համաձայնել է «տանը հանգիստ նստելու» ՌԴ հորդորին

  • 14-04-2020 10:08:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Ապրիլի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ:
 
Դրա ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարին, կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր, միաժամանակ քննարկվել են ռեգիոնալ խնդիրներ եւ Արցախի հակամարտության հարցը:
 
Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսով խոսել էին նաեւ երեք օր առաջ՝ ապրիլի 10-ին: Ընդ որում, դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ապրիլի 8-ին Երեւանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Լավրով-Մնացականյան զրույց:
 
Հետաքրքիր է, որ Լավրով-Մամեդյարով առաջին՝ ապրիլի 10-ի հեռախոսազրույցի մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր ընդամենը, որ քննարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը: Այն դեպքում, երբ Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցի մասին ՌԴ հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ երկկողմ հարաբերության, ռեգիոնալ խնդիրներին, այդ թվում Արցախի հարցին առնչվող քննարկման մասին:
 
Դրանից երկու օր անց Լավրովն ու Մամեդյարովն են զրուցում հեռախոսով, սուղ բովանդակությամբ՝ միայն կորոնավիրուս, երեք օր անց էլ դարձյալ զրուցում են, կորոնավիրուսից բացի նաեւ արցախյան եւ ռեգիոնալ այլ հարցերի մասին:
 
Ի՞նչ է պատահել, որ երեք օր անց Լավրովն ու Մամեդյարովը դարձյալ խոսել են, ու այս անգամ արդեն փաստորեն ավելի հարուստ բովանդակությամբ, համենայն դեպս դատելով ՌԴ պաշտոնական հաղորդագրությունից: Առավել հետաքրքիր նրբերանգ է նկատվում զրույցի մասին Բաքվի հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ արցախյան հարցին պայմանավորվել են անդրադառնալ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային իրադրության կարգավորումից հետո:
 
Փաստացի, հեռախոսազրույցների ժամանակագրությունն ու հաղորդագրությունների բովանդակությունը վկայում են, որ Լավրովը Մամեդյարովին ներկայացրել է որոշակի պահանջներ, կապված արտակարգ իրավիճակում Ադրբեջանի ռազմա-քաղաքական վարքագծի հետ: Երեք օր անց նոր հեռախոսազանգը եւ արդեն ավելի լայն բովանդակության հիշատակումը թերեւս հուշում է, որ Մամեդյարովը Լավրովին փոխանցել է վերադասի արձագանքը, եւ ադրբեջանական հաղորդագրությունը հուշում է, որ Բաքուն համաձայնել է «տանը հանգիստ նստելու» ՌԴ հորդորին:
 
Բանն այն է, որ մինչ այդ Ադրբեջանը անհանգիստ իրավիճակ էր ստեղծում սահմանին: Երեւանն այդ առնչությամբ արեց բավականին կոշտ հայտարարություններ, այդ թվում՝ սահմանին զսպման մեխանիզմների մասին, ինչից հետո տեղի ունեցավ զրույցը Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների միջեւ: Ի դեպ, մինչ այդ, Երեւանի եւ Բաքվի հետ հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Զարիֆը: Իր հերթին, Լավրովը ապրիլի 13-ին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Զարիֆի հետ:
 
Թե Ռուսաստանի, թե Իրանի համար ռեգիոնալ կայունությունը ներկայում կենսական անհրաժեշտություն է: Միաժամանակ, բավական մեծ է ադրբեջանական արկածախնդրության հավանականությունը: Էրդողանը հայտնվում է աշխարհքաղաքական մեկուսացման մեջ եւ կարող է քայլերի դրդել Ալիեւին: Մոսկվան ու Թեհրանը Ալիեւին ըստ ամենայնի բացատրել են, որ մեկուսացումից դուրս գալու համար Էրդողանը կարող է փորձանքի մեջ գցել Ալիեւին: Լավրով-Մամեդյարով զրույցը հուշում է, որ Ալիեւը հասկացել է, թե ինչ են ասել իրեն:
 
Դա իհարկե հայկական կողմին զգոնությունը թուլացնելու հիմք չէ: Ի վերջո, Ալիեւին որեւէ բան հասկացնելու առանցքային գործոնը հենց հայկական կողմի պատրաստվածությունն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play