Լավրովն ընդունեց Ռուսաստանի պարտությունը. Հայաստանը պետք է սովորի ապրել դրա հետ


Լավրովն ընդունեց Ռուսաստանի պարտությունը. Հայաստանը պետք է սովորի ապրել դրա հետ

  • 21-04-2020 17:44:00   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին մի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանի եւ Բելառուսի դիմումին՝ գազի գինը նվազեցնելու վերաբերյալ: Լավրովի պատասխանը եղել է բավականին նյարդային, որի տողատակում ակնառու է եղել գրեթե ուղիղ մեղադրանքը Հայաստանին ու Բելառուսին, որ ՌԴ առաջ պահանջ են դնում էներգակիրների շուկայի փլուզման պայմաններում:
 
Ռուսաստանի արտգործնախարարի արձագանքը թերեւս հասկանալի է: Ռուսաստանի համար չափազանց բարդ արտաքին շրջան է, որն իր հերթին առաջացնում է ոչ պակաս բարդ ներքին խնդիրներ այն ժամանակ, երբ դրված է նաեւ իշխանության տրանսֆորմացիայի անխուսափելի հարց: Ռուսաստանի արտգործնախարարի նյարդային արձագանքը ըստ ամենայնի արտացոլում է ՌԴ քաղաքական վերնախավում տիրող նյարդային մթնոլորտը:
 
Այդ պայմաններում Լավրովը գրեթե անթաքույց ակնարկում է, որ գոնե Բելառուսն ու Հայաստանը խնայեին Ռուսաստանին: Կամ, գուցե ՌԴ արտգործնախարարը մտածում է իր մասին, համարելով, որ Երեւանի եւ Մինսկի պահանջը ի վերջո կարող է ազդել ՌԴ ներիշխանական հարաբերությունների վրա եւ հանգեցնել օրինակ Լավրովի պաշտոնանկության, որ չի կարողացել ապահովել Մինսկի ու Երեւանի «սանձահարումը»: Ընդ որում, հատկանշական է, որ այդ իմաստով ՌԴ արտգործնախարարը բավական կոշտ տոնով է անդրադարձել Հայաստանում ռուսական ընկերությունների խնդրին, ակնարկելով, թե իշխանությունը չպետք է ներկայացնի նրանց գործունեության հետ կապված իրավական պահանջներ:
 
Խոշոր հաշվով, առկա իրավիճակում Լավրովի արձագանքը՝ բովանդակությամբ եւ տոնայնությամբ, այլ բան չէ, քան պարտության ընդունում: Ռուսաստանն ընդունում է իր պարտությունը մերձավոր դաշնակից համարվող երկրների հետ հարաբերություններում, եթե իբրեւ դաշնակից ոչ թե համարձակ պատասխանատվություն է ստանձնում բարդ իրավիճակում նրանց միանգամայն արդարացի ակնկալիքի համար, այլ գործնականում տալիս է հաթաթա: Դա ամենեւին ուժեղ սուբյեկտի պահվածք չէ:
 
Մյուս կողմից, Հայաստանի եւ Բելառուսի պարագաները՝ որպես ՌԴ աշխարհքաղաքական ռազմավարության խնդիրներ, անշուշտ բոլորովին տարբեր են, թեեւ երկու ուղղությամբ էլ Մոսկվան ունի ակնհայտ խնդիրներ: Միաժամանակ, այդ խնդիրները հայելային առումով տարբեր են:
 
Օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատին է ներկայացնում Բելառուսում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը, որը հաստատվելու դեպքում լինելու է փաստորեն ԱՄՆ առաջին դեսպանը 12 տարի անց: 2008-ից ԱՄՆ Բելառուսում դեսպան չի նշանակել: Թրամփի քայլը փաստացի նշանակում է դիվանագիտական «բլից-կրիգ» Ռուսաստանի սահման:
 
Իր հերթին, Հայաստանում պատկերը հակառակ է, եւ որքան էլ թավշյա հեղափոխությունից հետո փորձ արվեց ներկայացնել այսպես ասած արեւմտյան կուրսի մեղադրանք, Հայաստանը չտվեց այդ մեղադրանքի որեւէ առիթ, գործելով գրեթե հակառակ տրամաբանությամբ եւ այդպիսով Մոսկվային դնելով փաստի ու պատասխանատվության առաջ:
 
Մեծ հաշվով, դիտարկելով հայ-ռուսական հարաբերության վերջին մոտ երկու տասնամյակի հետագիծը, Ռուսաստանը Հայաստանի հանդեպ գործել է այսպես ասած «մեղադրական եզրակացության» հիմքով. 2007-ին Ռոբերտ Քոչարյանին կասկածեցին ԲՀԿ-Վարդան Օսկանյան խորհրդարան-նախագահ ծրագրով արեւմտյան կուրսի համար եւ բացարձակ հաղթանակի իրավունք տվեցին Սերժ Սարգսյանին, 2013-ին «մեղադրանքի» նոր դոզան արդեն հակառակ տրամաբանությամբ էր՝ Սերժ Սարգսյանին մեղադրեցին արեւմտյան կուրսի համար եւ դրվեցին կոշտ պահանջներ:
 
Երեւանը Մոսկվային դրել է փաստի առաջ: Այդ փաստը շատ ծանր են ընդունելու, եւ դա կարող է շարունակվել տարիներ, կամ անընդհատ: Հայաստանը պետք է սովորի ապրել այդ խնդրի հետ, ինչպես օրինակ կորոնավիրուսի հետ ապրել սովորելու անհրաժեշտությունը:
 
Բայց, պետք է իհարկե սովորեցնել նաեւ Ռուսաստանին, այդ թվում պատմություն՝ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի, որոնց թանաքը հայկական արյունն է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play