Ծառուկյանը վրդովված է, բայց Փաշինյանի դուռը չի գնա․ ի՞նչ են որոշել ԲՀԿ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ծառուկյանը վրդովված է, բայց Փաշինյանի դուռը չի գնա․ ի՞նչ են որոշել ԲՀԿ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 29-04-2020 18:45:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննել է ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Նշված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահը և անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության այլ պաշտոնատար, գործով տուժող ճանաչված, ինչպես նաև Հասրաթյան 25/6 շենքում բնակարաններ ստացած մի շարք անձինք»:
Հիշեցնենք, որ Կոմիտեն այս գործով ծանուցում էր ուղարկել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ՀՀ Քննչական կոմիտե ներկայանալու եւ որպես վկա քրեական գործով ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ավելի ուշ ՀՀ Քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ վերջինս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն ստանալով պատասխանը դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել, ասել է, թե դեռեւս չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ 2019թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով մեղադրյալ ներգրավելու համար եւ գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին քննչական կոմիտե դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ասել է, թե ի սկզբանե այս քրեական շրջապտույտի մեջ էր գտնվում»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ վրդովված է Սեդրակ Առուստամյանի քրեական գործից, բայց չի պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանի «դուռը», որ նրան ազատի։ Նա նեղ շրջանակում ասել է․«Ոչինչ, թող մի քանի ամիս էլ նստի, մեկ է՝ մեղադրանքը չի ապացուցվելու, էդ փողը տվել էր, որ Ամերիկայում տուն առնեն Գագոյի տղերքը՝ նորոգեն, ոչ մի հանցանք չի արել, ո՞ւմ ինչ գործն է՝ տոկոսը հե՞տ ա ուզել, թե՞ չէ»։ Նա, ճիշտ է, չի պատրաստվում բացահայտ առճակատման գնալ իշխանությունների հետ, բայց ե՛ւ իր, ե՛ւ թիմի համբերության բաժակն արդեն լցվել է։
Մանավանդ՝ Ծառուկյանի բոլոր բիզնես-ձեռնարկները կա՛մ կանգնած են, կա՛մ՝ սնանկացման ճանապարհին, եւ մեծ թվով հիմնարկներում կրճատումներ են գնում։ ԲՀԿ-ում զարմանում են՝ իշխանությունը խոսում է տնտեսական ճգնաժամի, աշխատատեղերի կրճատման, մարդկանց վատ վիճակի մասին, բայց Ծառուկյանին չեն թողնում, որ հիմնարկներն աշխատեցնի, մարդկանց փող տա, նոր ծրագրեր անի։
«Դրսից էժան փող էր բերում Ծառուկյանը՝ 1 տոկոսով, չթողեցին։ Աբովյանում բնակելի համալիր էր կառուցում, քրեական գործ հարուցեցին քաղաքապետի դեմ։ Շեյխերին չթողեցին ներդրումներ անեն մեր երկրում։ Էս երկրի տնտեսությանը Փաշինյանն ու իր թիմն են վնասում, ուրիշ ոչ մեկը»,- ասաց ԲՀԿ-ականներից մեկը՝ ակնարկելով, որ իրենք արմատական ընդդիմություն դառնալու ճանապարհին են»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ տնտեսության մոտ 35 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը, և մոտ 600 հազար մարդ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Նախորդ տարեսկզբին Հայաստանի նոր իշխանությունները օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կրճատեցին նախարարությունների թիվը, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը միավորվեց էկոնոմիկայի նախարարության հետ։
Սա ոլորտի բազմաթիվ մասնագետների սուր քննադատության պատճառ դարձավ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունում առավել ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում գյուղատնտեսությանն առավել մեծ ուշադրություն դարձնելու, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկման է դրված գյուղնախարարությունը, որպես առանձին միավոր, վերականգնելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է, ու ոլորտում անհրաժեշտ են կոնկրետ կարգավորումներ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը՝ ապրիլի 30-ին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով։ Նա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ներկայացնի Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության արդյունքներն ու պատասխանի նաև պատգամավորների հարցերին։ Արդեն մայիսի 5-ին մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան և հաղորդումն, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեությունը, կքննարկվեն հենց այդ օրը։
«Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ ներկայացրել էր Արթուր Դավթյանի հաշվետվությունից, որը ներկայացված է եղել դեռ մարտի 30-ին։ Ըստ այդմ, հաղորդման մեջ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։ 2019 թվականին ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 (2018թ․-1988) նյութ, որից 1399-ով (2018թ․-1469) հարուցվել են քրեական գործեր, 655-ով (2018թ․-451)՝ քրեական գործ հարուցելը մերժվել է, որից 603-ը (2018թ․-410)՝ արդարացման, 52-ը (2018թ․-41)՝ ոչ արդարացման հիմքով: 2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի թվով 100 նախապատրաստված և ավարտված նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է 2011559889 (2018թ. – 4629549320) ՀՀ դրամ: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 (2018թ. – 3.938.873.757) ՀՀ դրամ»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Փոլա Յագուպյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ապրիլի 24-ը Լիբանանում հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Յագուպյանի նախագծով այդ օրը չի լինի ոչ աշխատանքային, բայց պետական համապատասխան կառույցները իրենց լիազորության շրջանակում պատշաճ միջոցներ կձեռնարկեն հիշատակի օրը ոգեկոչելու համար»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը լրանում է հայտարարգրման ենթակա պաշտոնյաների ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը, որը ապրիլի 20-ից երկարաձգվել էր մինչև 30-ը։
Ինչպես հայտնի է, 2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Եվ մինչև վաղը պետք է պաշտոնյաները հաստատեն ընտանիքի անդամների տվյալները և սա բոլորի համար պարտադիր կարգավորում է։ Իսկ ահա հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ հայտարարգրման ենթակա բոլոր պաշտոնյաներն արդեն կատարել են անհրաժշտ գործողությունները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, արդեն կան պաշտոնյաներ, որոնք արդեն իսկ հայտարարագրեր են ներկայացրել»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի իրականացրած մի ստուգում միջգերատեսչական բախման պատճառ կարող է դառնալ։
Մասնավորապես՝ նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում ՊԵԿ-ը հայտնաբերել է չարաշահումներ, որը վերաբերում է բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ առկա է եղել մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն։ Այդ կառույցի ղեկավարը եղել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը։
Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ի իրականացրած ստուգումներից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն է ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը, իսկ առերևույթ խախտումից անցել է 20 տարի։ Եվ հետո յուրացման փաստը հատատվելու դեպքում պատասխանատվության կենթարկվի մեկ այլ նախարարի եղբայր՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու համար»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում:
Ըստ նոր կարգավորման՝ Առողջապահական և աշխատանքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրավունք կունենա ստուգումներ իրականացնել հյուրանոցներում, թատրոններում, կինոթատրոններում, հանրային սննդի օբյեկտներում, և եթե դրանց զուգարանների հիգիենիկ վիճակը համարվի ոչ բավարար, ապա այդ օբյեկտների գործունեությունը անմիջապես կդադարեցվի: Օբյեկտը կսկսի աշխատել միայն այն դեպքում, երբ տեսչական մարմինը կհամարի, որ բացթողումը վերացված է»:
 
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունով պայմանավորված՝ արդեն երկու ամիս է` երկրում գործող տարբեր տնտեսվարող սուբյեկտներ չեն աշխատում, մատնված են հարկադիր պարապուրդի, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա։
Ըստ տարբեր փորձագետների կանխատեսումների, առաջիկայում մի շարք սուբյեկտներ լուրջ խնդիրներ ու ֆինանսական պրոբլեմներ են ունենալու։
Տարբեր գնահատականներով, ներկայումս ՓՄՁ ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված ապրանքաշրջանառության հետ, մարդիկ չեն կարողանում առևտուր իրականացնել, քանի որ մի կողմից՝ շատերն ուղղակի փող չունեն, մյուս կողմից՝ օնլայն հարթակներով պատվերներով շատերը չէ, որ կարող են դիմանալ ու պահել բիզնեսը։
ՓՄՁ-ներից մեկի սեփականատերը «Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ անգամ աշխատող ՓՄՁ-ներն այսօր կանգնած են լուրջ փաստի առաջ, քանի որ, չնայած մասնավորաբար մթերային խանութները արտակարգ դրության պայմաններում աշխատում են, սակայն թաղային փոքր խանութների գերակշիռ մեծամասնությունը վերադարձել է «հին, բարի ժամանակներին» ու առևտուրն իրականացնում է «տետրով», այսինքն՝ պարտքով։
Ընդ որում, որևէ նույնիսկ մշուշոտ պատկերացում չունեն, թե երբ կարող են հետ ստանալ այդ գումարները:
Հավելենք նաև, որ, ըստ էության, ՓՄՁ-ի համար կանխատեսվող հաջորդ հարցը կապված է վարձակալության վարձավճարների հետ, քանի որ վարձով տրվող տարածքների տերերը նույնպես խնդիրների առջև են, և նրանք իրենց հերթին գումարի կարիք ունեն։
Չնայած նախօրեին էկոնոմիկայի փոխնախարարն իր ասուլիսում «փառահեղ» հայտարարություն էր արել՝ նշելով, որ եթե վարձակալությունը թանկ է, տնտեսվարողները կարող են փոխել տեղակայումը՝ ավելի հարմար գնով տարածք ունենալու նպատակով, սակայն նման «խորհուրդը» հազիվ թե որևէ օգուտ տա. այն շատ ավելի նման էր հնդկաձավարի ու ոսպի փոխարինիչների թեմային»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի և Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճառներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների և ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավելի մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց և կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չտարածեց` իմանայինք ով ինչի համար կրակեց, իրականում քանի զոհ ու վիրավորներ կային: Միայն դեպքից 8 ժամ անց մի հաղորդագրություն տարածելու փորձ արվեց` այն էլ ոչ թե ինֆորմացիա հաղորդելու նպատակով, այլ փորձ էր արվում փրկել ոստիկանապետ Արման Սարգսյանի դեմքը` հայտնելով, թե նա եղել է դեպքի վայրում, այլ ոչ թե հվանդանոցում: Հիշեցնենք` դեպքի վայրը փողոցն է եղել` Գավառի Ազատության փողոցը:
Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակառակն են պնդում. Նա հիվանդանոցում է եղել ոստիկանների հետ, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Նրան շտապ զեկուցել են, չէ՞, հիվանդանոց ներխուժելու և մարդկանց «մորթելու» մասին, այդ ժամանակ ինչո՞ւ չի շտապել «նոր դեպքի վայր»` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու: Ումից է կաշկանդվել կամ վախեցել. հարց է, որ շարունակ հնչում է օդում:
Ու բացի այդ, եթե ոստիկանական ուժերը հիվանդանոցի տարածքը հսկելիս են եղել, ինչու չեն կրակել` թեկուզ օդ, ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար: Համաձայնեք` դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ ոստիկանապետի կամ ոստիկանի ներկայությամբ մի խումբ մարդիկ կարող են ներխուժել, մորթել ու անվնաս հեռանալ: Գուցե ոստիկաններին այլևս զենք պետք չէ՞:
Այս երևույթը խորը վերլուծության և մասնագիտական արժանապատվության տեսանկյունից մեկ հստակ պահանջ է առաջ քաշում. ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից:
Հ. Գ. Հավելենք, որ երեկ ողջ գիշեր ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները հսկել են Գավառը և Նորատուսը` փորձելով կանխել հնարավոր արյունահեղությունը: Բանն այն է, որ սպանվածների հարազատները շարունակել են մինչ ուշ գիշեր փնտրել մեղավորներ` պատժելու համար:
Իրավապահներն անգամ սպասում էին, որ կգնան և մեկը մյուսի տները կսկսեն հրդեհել: Իրավիճակը շարունակում է դեռ պայթյունավտանգ մնալ` հաշվի առնելով կողմերի տաքարյունությունը»:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play